Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներ կան թե՛ Ազատության հրապարակում, թե՛ Բաղրամյան պողոտայում


Արթուր Քոչարյանը հարցազրույց է տալիս «Ազատության»-ը

Արթուր Քոչարյանը հարցազրույց է տալիս «Ազատության»-ը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հերքում է տեղեկությունը, թե իրենք ամբողջությամբ լքել են Բաղրամյան պողոտան:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող անդամ Արթուր Քոչարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ինքը՝ Սերժ Սարգսյանն է հրաժարվել հանդիպել իրենց հետ, այն բանից հետո, երբ պահանջել են հանդիպումը ուղիղ եթերով հեռարձակել:

«Նա ասաց՝ 5 հոգանոց խումբ հանդիպի իր հետ [հունիսի 23-ի երեկոյան]: Դա հենց այն օրն էր, որ մեզ բերման էին ենթարկել, ջրով, դուբինկաներով ծեծել էին, լավ վիճակում չէինք գտնվում ու ֆիզիկապես չէինք կարող այդտեղ լինել: Մեր նախաձեռնող խմբի անդամներից մեկը, որը այդ պահին գտնվում էր այդտեղ, նախաձեռնության անունից ասաց, որ նախագահի հետ խոսելիս մենք ուզում ենք երեք ուղիղ եթեր, և որ ժողովուրդը կարողանա լինի Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք կարող էին երկրորդ պահանջը մերժել, բայց գոնե ուղիղ եթերը կարող էին մեզ համար ապահովել», - ասաց բողոքի ցույցի մասնակիցը:

«Եթե Սերժ Սարգսյանը չի ուզում ուղիղ եթերով մեզ հետ խոսել, ուրեմն ինչ-որ գաղտնի բան ունի մեզ ասելու: Բացի այդ, էդ 5 հոգին որ մտնի այնտեղ, ինչքանո՞վ են ժողովուրդը վստահելու, թե ի՞նչ են խոսել, ի՞նչ են պայմանավորվել: Դրա համար թող ուղիղ եթերով խոսի, ժողովուրդը տեսնի՝ ինչ են խոսում, ինչ են պայմանավորվում: Անգամ այդ դեպքում ռիսկային էր, բայց մենք գնացինք այդ քայլին, որ չասեն՝ մերժում են ընդհանրապես», - նշեց Քոչարյանը՝ հավելելով․ - «Ընդամենը 5 րոպե անց պատասխան ստացանք, որ նախագահը մերժել է: Այսինքն, իրականում մերժել է Սերժ Սարգսյանը մեր նախաձեռնող խմբին»:

Արթուր Քոչարյանը նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին հայտարարությունը և «Ո՛չ թալանին» նախաձեռնության պառակտման մասին տեղեկություններին:

«Էդ հայտարարությունը, որ արեց Սերժ Սարգսյանը, մենք, անկեղծ ասած, սկզբից չհասկացանք: Որոշ ժամանակ խնդրեցինք, որ հասկանանք: Մարդկանց հետ խոսեցինք, մտանք ժողովրդի մեջ: Անկեղծ՝ կարծիքները փոխել էին․ մի մասն ասում էր՝ մեզ բավարարում է էն, ինչ որ կա, մի մասն ասում էր՝ ոչ, մենք պետք է հասնենք ջախջախիչ արդյունքի, մեր բոլոր երեք պահանջները պետք է կատարվեն, և մենք մնում ենք Բաղրամյանում: Ժողովրդի մեջ մարդիկ կային, որ ասացին, որ հայտարարություն է եղել ոստիկանության կողմից, որ ուժ են կիրառելու, և իրենք վախենում են իրենց անվտանգության համար, բայց միաժամանակ չեն ցանկանում թողնել պայքարը: Որոշ մարդիկ էլ շատ կտրուկ ասեցին, որ ինչքան ուզում են ուժ կիրառեն, մինչև վերջ մնալու են, իրենք պատրաստ են դրան, գիտեն՝ ինչու են եկել», - պատմեց Քոչարյանը:

«Կարծիքները կիսվեցին, մենք որոշեցինք անել հետևյալը․ ովքեր վախենում են իրենց համար, մենք նրանց համար էլ էինք ինչ-որ չափով պատասխանատվություն զգում, կոչ արեցինք հավաքվել Ազատության հրապարակում, իսկ նրանք, ովքեր գտնում են, որ պայքարը պետք է շարունակվի Բաղրամյան պողոտայում, պետք է կանգնեն այստեղ պայքարեն»:

Քոչարյանը ասաց, որ հիմա իրենց նախաձեռնության անդամները կիսված են՝ կեսը գտնվում են Բաղրամյանում, կեսը գտնվում են Ազատության հրապարակում:

Անդրադառնալով այսօր երեկոյան տեղի ունեցածին, երբ ցուցարարների մի մասը որոշեց նստացույցը շարունակել Ազատության հրապարակում, մյուսները՝ Բաղրամյանում, նա ընդգծեց, որ պետք է հերքել այն տեղեկությունը, թե իրենք ամբողջությամբ լքել են Բաղրամյան պողոտան, ինչպես նաև այն, որ հրաժարվում են իրենց երեք պահանջներից:

«Հնարավոր է Վաղինակն էլ շատ նորմալ չբացատրեց ժողովրդին, որովհետև շատ լարված էր, պատասխանատու բան էր կարդում, տեքստից էլ շեղվեց, դրեց մի կողմ, սկսեց իր բառերով բացատրել: Մարդիկ սկզբից չհասկացան՝ ինչ է ասում»:

«Ասեմ մեր որոշումը ոնց էր: Մեր որոշումը նենց էր, որ մենք երթով գնում ենք Ազատության հրապարակ այն մարդկանց հետ, ովքեր վախենում են իրենց անվտանգության համար կամ պայքարը այդ պահին տեսնում են ոչ Բաղրամյան պողոտայում: Բայց նրանք, ովքեր ասում են, որ մնում են Բաղրամյանում, միանշանակ պետք է մնան, մենք չենք որոշելու նրանց փոխարեն, չենք էլ կարող», - ասաց Արթուր Քոչարյանը:

«Ամենամեծ սխալը ոստիկանությունը գործեց այն օրը, երբ ուժ կիրառեց և նախաձեռնության անդամներին բերման ենթարկեց ոստիկանություն: Երբ մենք ոստիկանությունում էինք և պահվում էինք մի քանի ժամ, օրինակ ինձ բերման են ենթարկել 6.30-7-ին ժամը 4-ին նոր ազատ են արձակել: Ես եկել եմ Ազատության հրապարակ 6-ին, բարձրացել եմ Բաղրամյան ու ինչ տեղի ունեցավ, ինչ –որ նոր խումբ էր ձևավորվել, որը,ես հիշում եմ, այդ օրը՝ ջրվելուց, ծեծվելուց ու բերման ենթարկվելուցչկար: Նոր մարդիկ էին միացել, ինչ-որ խումբ էին ձևավորել, կարգադրիչներ էին դրել այն աստիճանի, որ ես մոտենում եմ, որ հարթակից խոսեմ, ինձ թույլ չեն տալիս, ասում են՝ դու ով ես, գնա հետ: Ու մենակ ինձ չէ, մեր նախաձեռնության անդամներին ասում են՝ կանգնեք ժողովրդի մեջ»:

Քոչարյանն ընդգծեց, որ իրենց անդամները հիմա ժողովրդի մեջ են կանգնած և իրենք պահանջատեր են: Նա շեշտեց, սակայն, որ ցուցարարների շարքերում սադրիչներ էին հայտնվել:

«Մենք հետևողական ենք լինելու, ուղղակի մարտավարական խնդիր կա: Դա այն էր, որ մեր խումբը գտնում է, որ Բաղրամյանում հավաքը մի քիչ սպառել էր իրեն, որովհետև եթե մնում ենք Բաղրամյանում, պետք է կամ պահանջը փոխենք, կամ գործողություն անենք, այսինքն, եթե չի կատարվում մեր պահանջը, ուրեմն էդ մարդիկ պետք է հեռանան: Բայց, քանի որ մենք քաղաքացիական շարժում ենք, ու մարդիկ մեզ մանդատ են տվել, որ մենք այս հարցը պահենք քաղաքացիական հարթության վրա, իհարկե չենք կարող քաղաքականից խուսափել, բայց ինչքան կարողացանք պահեցինք քաղաքացիական հարթության վրա», - ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամը՝ վստահեցնելով, որ իրենց նախաձեռնությունը չի պառակտվել․ մի մասը մնում է ժողովրդի կողքին Ազատության հրապարակում, մի մասը՝ Բաղրամյան պողոտայում:

«Մեր վերջին հանրահավաքների օրերին էլ նկատվում են սադրիչներ, ուղարկած մարդիկ: Արդեն քանի օր է՝ չենք քնում, մեր խումբը բաղկացած է ընդամենը մի քանի հոգուց, մենք ուղղակի չէինք հասցնում: Սոված ու չքնելու արդյունքում մենք մաշվում էինք, բայց դա չի նշանակում, որ չէինք կարող պայքարել, ուղղակի այդ սադրանքներն այնքան են շատացել: Ես չգիտեմ դա ոստիկանությունն է ․․․ Չեմ էլ կարող մեղադրել․․․Թե այլ ուժեր էին, ովքեր այլ նպատակներ ունեին, բայց մենք մի քանի ժամ առաջ խոսեցինք ոստիկանների հետ ու խնդրեցինք, որ ոչ մի բան չանեն, ու անիմաստ չսրեն իրավիճակը», - ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնող խմբի անդամը:

Արձագանքելով հարցին այն մասին, թե արդյոք նախաձեռնության անդամները մասնակցելու են նախագահի հայտարարած աուդիտին ՀԷՑ-ում՝ Քոչարյանն ասաց, որ իրենց շատ հեշտ կլինի «ֆռռացնել»:

«Հենց էսօր իրավաբանների հետ ենք հանդիպել, նրանք էլ են առաջարկել ու ռիսկերն են մեզ բացատրել: Մենք որոշեցինք, որ ընդհանրապես նման գործընթացների չմասնակցենք, բայց եթե արդար մարդիկ լինեն, որ կմտնեն, կմասնակցեն, խնդիր չկա, ուղղակի մենք ոլորտից չենք հասկանում»:

«Եթե Սերժ Սարգսյանը տեղ թողած լիներ, որ իրեն հավատային, էսօր շատ մարդիկ կհավատային իրեն, բայց Բաղրամյանում կանգնած մարդկանց թիվը ու նրանց բողոքը ապացուցում է, որ նրանք չեն հատվում Սերժ Սարգսյանի խոսքին»:

«Սա հասավ նրան, որ մենք 3 օր Ազատության հրապարակում նստացույց արեցինք, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ նրա թիմից որևէ մեկը չասեց՝ լսենք էս մարդկանց, 3 օր է՝ Ազատության հրապարակում նստացույց են անում: Կարծես մեկուսացված լինեինք: Ոչ ոք մեր ձայնը չէր լսում, մենք ստիպված փակեցին Բաղրամյանը, ու հետո եղավ այդ աուդիտի մասին հայտարարությունը: Այ, եթե այդ հայտարարությունը լիներ շատ վաղ, հնարավոր է ուրիշ կերպ ընդունվեր: Հիմա շատ ուշացած քայլ է, ու ժողովուրդը, ինչպես տեսնում եք, չի ընդունում»:

«Կոչ եմ անում ոստիկանությունը լինել հնարավորինս հանդարտ: Այս օրերին ինչ համբերություն ցույց են տվել, շարունակեն նույն կերպ: Առաջին հերթին պատասխանատուն իրենք են, չարժի իզուր ժողովրդին տաքացնել, թող ժողովուրդը իր պահանջը անի, ոչ մի կարգ չի խախտում, ինքնաբուխ հավաք է, իրավունքն է իրականացնում», - ասաց Արթուր Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG