Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը սպառնում է ֆիզիկական ուժ կիրառել


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, այս պահին դիմելով նստացույցի դիմած ցուցարարներին, հորդորում է անհապաղ դադարեցնել «անօրինական գործողությունները և ազատել Բաղրամյան պողոտան»։

«Հակառակ դեպքում ոստիկանությունը կկիրառի ֆիզիկական ուժ»,- ասաց Օսիպյանը.- «Ինչպես տեսնում ենք բոլորս, ձեր մեջ կան սադրիչներ, որոնք դրդում են ձեզ անօրինական գործողությունների: Ոստիկանությունը հորդորում է ձեզ դադարեցնել անօրինական գործողությունները»։

Ցուցարարները սուլոցներով են արձագանքում նրա հայտարարությանը։

«Դուք խախտում եք հավաքների ազատության մասին ՀՀ օրենքը։ Եվս մեկ անգամ դիմում եմ ձեզ՝ անօրինական հավաքի վայրից հեռացնել անչափահասներին, հղի կանանց և կանանց: Բոլոր գործությունների արդյունքում պատասխանատվություն կկրեն սադրիչների և այն քաղաքացիները, որոնք կխախտեն կարգը»,- նշեց Օսիպյանը։

Հիշեցնենք, «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը այսօր հորդորեց ցուցարարներին հեռանալ Բաղրամյան պողոտայից և գնալ Ազատության հրապարակ՝ «ծեծից, ջարդից խուսափելու համար»։ Հարյուրավոր ցուցարարներ լքեցին Բաղրամյան պողոտան՝ հետևելով Շուշանյանի կոչին, ով նշում էր, որ ինքը այսպիսի պատասխանատվություն իր վրա չի վերցնելու, և փաստորեն գիտեր, որ բախումներ են լինելու, եթե մարդիկ շարունակեին մնալ Բաղրամյան պողոտայում։

Բազմաթիվ ցուցարարներ, սակայն, շարունակում են մնալ ցույցի վայրում և հայտարարում են, որ չեն հեռանալու Բաղրամյանից: Մարդկանց բազմությունը ձգվում է մինչև Ֆրանսիայի հրապարակ։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG