Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտայում ցուցարարների ստվար զանգված է հավաքվել՝ քննարկելու Սերժ Սարգսյանի առաջարկները


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները և նրանց աջակցող քաղաքացիները հավաքվել են Երևանի Բաղրամյան պողոտայում, որտեղ արդեն 6-րդ օրն է՝ շարունակվում է «Ո՛չ թալանին» նախաձեռնության նստացույցը:

Այսօր 18:00-ին նախաձեռնությունը համազգային մոբիլիզացիա էր հայտարարել, որի ընթացքում քննարկվելու են նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկները՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ: Առայժմ որևէ հրապարակային քննարկում չի սկսվել, թեև քաղաքացիների ստվար զանգված արդեն իսկ հավաքվել է:

Երեկ Հայաստանի նախագահը հայտարարել էր, թե ցուցարարների հիմնական պահանջը՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը, ծայրահեղ վտանգավոր է: Միաժամանակ Սերժ Սարգսյանը առաջարկել է աուդիտ անցկացնել «Հայկական էլեկտրական ցանցերում» և դրա հիման վրա վերջնական որոշում կայացնել էլեկտրաէներգիայի սակագնի հարցում:

Նախագահը առաջարկել էր աուդիտում ներգրավել ոչ միայն էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, այլև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և միևնույն ժամանակ հորդորել էր բացել Բաղրամյան պողոտան:

Նախագահի այս առաջարկներին «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը պատրաստվում է վերջնական պատասխան տալ այսօր երեկոյան՝ համընդհանուր քննարկումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG