Մատչելիության հղումներ

logo-print

«Հայերը նեղանում են «Մայդան» բառից, բայց ցուցարարներին կարկանդակներ արդեն տալիս են»:

Ռուսական Grani.ru կայքը նկատում է․ - «Հայկական ըմբոստությունն ակնհայտորեն անակնկալ մատուցեց ոչ միայն Հայաստանի իշխանությանը, այլև՝ ռուսաստանցի լրագրողներին: Այսօր գործընկերները բաժանվել են երկու մասի: Մի դեպքում ուկրաինական պատերազմի տեղեկատվական ճակատում աշխատողները համեմատություններ են անում Մայդանի հետ, նույնիսկ լուսանկարներից մեկում Հայաստանի դրոշի գույները փոխարինել են ուկրաինական դրոշի գույներով: Մյուս դեպքում խելամիտներն ապացուցում են, որ անտեղի են հայկական և ուկրաինական բողոքների համեմատությունները, քանի որ հայկական ցույցերը չեն անցնում հակառուսական կարգախոսներով»:

Grani.ru-ի մեկնաբանը նաև հեգնում է՝ ռուսական քարոզչությունն այն աստիճանի համատարած է դարձել, որ չեն կարող հակադրվել անգամ օբյեկտիվություն պահպանելու մտադրություն ունեցողները: Եվ հենց այդ պատճառով արժե հիշեցնել մի պարզ փաստ՝ ուկրաինական ըմբոստությունը ևս հակառուսական չէր և անցնում էր ոչ հակառուսական կարգախոսների ներքո: Մեկնաբանը նկարագրում է Մայդանի զարգացումներն ու ամփոփում՝ հակառուսական տրամադրություններ հրահրողը Մայդանը չէր․ - «Հակառուսական տրամադրություներ հրահրողը Վլադիմիր Պուտինն էր՝ իր մերձավորների և քարոզիչների հետ»:

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Հայաստանը «դատապարտված» է ռուսամետ կողմնորոշում ունենալու, սխալվում է: 80- ականների վերջին գործընկերության կենտրոնին առաջինը մարտահրավեր նետեց Հայաստանը», - ընդգծում է Grani.ru-ն:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հեգնանքով գրում է, թե ցուցարարները աղբամաններով բարիկադներ կառուցելով՝ իրենց կողմն են թողնում միայն լավերին. - «Եվ ահա հիմա, երբ ռուսական հեռուստաընկերության խումբը սկսում է ռեպորտաժ ձայնագրել, «Հերի՛ք է ստեք» վահանակները հայտնվում են տարաբախտ թղթակցի թիկունքին: Արդյունքն այն է, որ ձախողվում է ուղիղ եթերը»:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակիցը չի մոռանում նշել, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները հետո ռուսական հեռուստաընկերության լրագրողին բռնացնում և հարցնում՝ «ինչո՞ւ այդպես արեցիր»:

«Հայերը նեղանում են «Մայդան» բառից, բայց ցուցարարներին կարկանդակներ արդեն տալիս են» վերնագրով հոդվածում հեղինակը կարկանդակների մասին գրում է՝ ամփոփելով մտքերը․ - «Մինչ ես գրում եմ այս տողերը, «մենք հայեր ենք, մենք ենք այստեղ որոշում» կոչերով նրանք նստեցին ասֆալտին՝ ավտոմեքենաների խրախուսական ազդանշանների ուղեկցությամբ: Ասում են՝ ցուցարարների մոտ է եկել տեղական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, որը, ինչպես և հիշարժան Վիկտորիա Նուլանդը՝ Կիևում, հեղափոխականներին բաժանել է ջուր և կարկանդակ»:

«Թրենդ» ադրբեջանական գործակալությունը գրում է, թե «հարկ է իրերը կոչել իրենց անուններով», և շարունակում. - «Բողոքի ցույցերը ձևականորեն պատճառաբանվում են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ, փաստացի՝ դրանք գործողություններ են ընդդեմ երկրի կառավարության: Կառավարությունը երկար տարիներ համակարգված նվազեցրել է կենսամակարդակը ՝ հույս ունենալով, թե մարդիկ կարող են հանդուրժել ամեն ինչ»:

ABC News-ում հրապարակված հոդվածում նկարագրված է, որ Հայաստանի մայրաքաղաքում արդեն հինգերորդ օրն է պարում ու երգում են հիմնականում երիտասարդները՝ մարտահրավեր նետելով նախկին սովետական կառավարությանը:

ABC News-ը նկատում է՝ մի քանի հարյուր մարդկանց թիվը երեկոյան հասնում է հազարների, ամբողջ շաբաթվա ընթացքում: Մի քանի հարյուր ցուցարարներ ուրբաթ օրն արգելափակել էին կենտրոնական մեկ այլ պողոտա՝ խափանելով երթևեկությունը:

Ըստ ABC News-ի՝ ռուսաստանցի քաղաքական որոշ գործիչներ Արևմուտքին են կասկածում՝ կապված ցույցերի հետ, մեղադրանքներ, որոնք զայրացնում են ցուցարարներին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG