Մատչելիության հղումներ

Ոստիկանական հսկողությունը Բաղրամյան պողոտայի մատույցներում ուժեղացվում է


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմում է ցուցարարներին, Երևան, Բաղրամյան պողոտա, 27-ը հունիսի, 2015թ․

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմում է ցուցարարներին, Երևան, Բաղրամյան պողոտա, 27-ը հունիսի, 2015թ․

Ոստիկանությունը ուժեղացնում է հսկողությունը Երևանի Բաղրամյան պողոտայի մատույցներում, սակայն Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ցուցարարներին հորդորում է դրանից չվախենալ:

«Բաց բոլորիդ աչքի առաջ կլինի ջրցան մեքենան, կլինեն ոստիկաններ, մի՛ անհանգստացեք», - ասաց Գասպարյանը:

Անցած գիշեր իրավիճակը մի պահ սրվեց, երբ ցուցարարների մի մասը փակեց նաև Մաշտոցի պողոտան: Երկու անձ բերման ենթարկվեց, ոստիկանությունը հետո պնդեց, թե նրանցից մեկը եղել է զինված:

Բազմահազար ցուցարարներին սթափեցնելու շտապեց անձամբ Վլադիմիր Գասպարյանը: «Կենդանի շիթ [շչիտ, ռուսերենից՝ վահան] եք կանգնել, մենք ե՞նք էս ժողովրդի թշնամին», - դիմելով ոստիկանների և ցուցարարների միջև «կենդանի պատում» կանգնածներին՝ ասաց ոստիկանապետը և շարունակեց․ - «Ի՞նչ բախում լինի, երիտասարդներին ասեք, որ ակցիան անում են, ես, մենք ակցիային փիլիսոփայորեն մոտենում ենք, բայց դա չի նշանակում, որ ամբողջ Երևանը պետք է փակել: Սթափվե՛ք, ոստիկանությունը գործողություններ չի անելու, բայց փողոցներն էլ մի՛ փակեք»:

«Սթափվե՛ք, էս երկրի համար մարդիկ են մեռել, սթափվե՛ք, սթափվե՛ք, սթափվե՛ք», - բացականչեց Վլադիմիր Գասպարյանը, ներկաներից մեկ խոսքերին՝ «մեր պայքարելու իմաստը․․․», հակադարձելով․ - «Ես նե՛նց կպայքարեմ․․․ Սթափվե՛ք, պահե՛ք էս երկիրը»: Ի պատասխան հիշեցման էլ, որ «սթափության կոչը պիտի երկկողմանի լինի», ոստիկանապետը հայտարարեց․ - «Պայմանավորվեցի՛նք: Ուրեմն, ես, ոստիկանությունը գործողություն չի անի իր ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդը օրենքի մեջ է: Մի՛ փակեք քաղաքը, մի՛ խաթարեք»:

Վլադիմիր Գասպարյանը պնդում է՝ տեղում նոր տեխնիկա և ուժեր են տեղակայում՝ թույլ չտալու անցած գիշերվա սցենարը:

«Մի՛ անհանգստացեք, ոչ մեկի չենք պատրաստվում շրջապատել, ոչ մեկի չենք պատրաստվում գրոհել, դա արվում է միայն նրա համար, որ եթե Երևան քաղաքի այլ փողոցներ ու հատվածներ հանկարծ փակվել՝ մենք շատ խիստ կոնկրետ տեղային օպերացիա ենք մշակելու և շատ խիստ ենք լինելու», - հայտարարեց Հայաստանի ոստիկանության պետը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG