Մատչելիության հղումներ

Ակտիվիստները հերքում են բերման ենթարկվածների առնչությունը իրենց պայքարին


Ոստիկանները Երևանի Բաղրամյան պողոտայում հունիսի լույս 27-ի գիշերը

Ոստիկանները Երևանի Բաղրամյան պողոտայում հունիսի լույս 27-ի գիշերը

«Ո՛չ թալանին»-ը հայտարարում է, որ պատասխանատու չէ հավաքի տարածքում գտնվող կարգազանց անձանց արարքների համար:

Նախորդ երկու օրերին Երևանում և Գյումրիում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների վայրերից բերման ենթարկված երեք քաղաքացիներն ազատ են արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Ըստ ոստիկանության, այժմ քննություն է տարվում՝ պարզելու, թե առգրավված ատրճանակը, դանակն ու թմրանյութը ինչպես էին հայտնվել ցուցարարների մոտ։

Մինչդեռ ակտիվիստները պնդում են՝ բերման ենթարկվածները իրենց պայքարին առնչություն չունեն։

Երևանում բերման ենթարկվածի անուն ազգանունն իրենց ոչինչ չի ասում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս եկած «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

«Էնտեղ ոչ մեկս չենք իմացել, միայն ոստիկանության հաղորդագրությունից ենք իմացել, որ նման դեպք է եղել: Ոստիկանությունը չի շրջել, երբ որ ճանապարհը փակեցին մեր քաղաքացիները՝ չգիտեմ էլ անգամ ովքեր էին, վերջ ի վերջո՝ ինքնաբուխ է, իրենք իրենց արել էին, մենք էլ զարմացանք ու նկատեցինք՝ ինչ-որ ոստիկաններ գնացին ներքև միանգամից, այսինքն՝ գնացին ու դուրս եկան էդ երթի տարածքից դեպի Ֆրանսիայի հրապարակ, ու հետո արդեն էդ լուրը տարածվել է», - պատմեց Սարգսյանը:

Գյումրեցի ակտիվիստ Արմեն Ներսիսյանը ևս պնդում է՝ ոստիկանության տարածած լուսանկարներում պատկերված անձինք, ովքեր, ըստ իրավապահների, թմրամիջոց ու դանակ են ունեցել, երթին ներկա չեն եղել, ոչ էլ մասնակցել են պայքարին։

«Բացարձակապես երթի ոչ մի մասնակից չի ճանաչել ու չգիտենք էլ՝ ովքեր են, ընդհանրապես, հայտարարությունը գնացել է՝ նոր ենք իմացել, որ էդպիսի բան է իբր եղել: Ես իբր եմ ասում, որովհետև ես անձամբ հիմա չգիտեմ՝ եղե՞լ է, թե՞ չի եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ներսիսյանը՝ շարունակելով․ - «Որովհետև, լավ, ոստիկանությունը ինքը աշխատանքը կատարել է ենթադրենք, ինչո՞ւ են նշում երթի համար, որովհետև երթի հետ ընդհանրապես կապ չունեն, ավելի լավ չէ՞ր՝ ասեին, որ «կանխել ենք, երթի մեջ չեն եղել»: Ուղղակի իրենք շեշտադրումները շատ սխալ են անում»:

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր տարածած հաղորդագրությունում հիշեցնում է, որ բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ և իրականացվում է օրենքի շրջանակում։

«Ակցիայի մասնակիցները չեն օգտագործում ալկոհոլ խաղաղ հավաքի ժամանակ, սադրանքների չեն տրվում, աչալուրջ են և պահպանում են հանգստություն», - հայտարարում է նախաձեռնությունը՝ ամփոփելով․ - «Մենք պատասխանատու չենք այն կարգազանց անձանց արարքների համար, ովքեր գտնվում են խաղաղ հավաքի տարածքում»։

XS
SM
MD
LG