Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ՊՆ-ը Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ հետագա սադրիչ քայլերից


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Ադրբեջանի զինված ուժերի գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է իրադրության կտրուկ ապակայունացման վտանգով, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Այդ մասին հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայ - ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ երեկ տեղի ունեցած հրադադարի խախտման կապակցությամբ, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել:

«Հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ - ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, Նախիջևանի առանձին համազորային բանակն ունի զոհեր և վիրավորներ: Դժբախտաբար, փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել նաև ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Արման Եփրեմյանի ընտանիքի անդամներին և հարազատներին և կիսում է ծանր կորստյան վիշտը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմից իրավիճակի սրման ուղղված գործողությունը համընկնում է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի ավարտի և Ադրբեջանի ԶՈւ կազմավորման տարեդարձի հետ, «ինչը վերահաստատում է այդ պետության ռազմատենչ քաղաքականության շարունակությունը և միջազգային հանրության կողմից բազմիցս առաջարկված ու Հայաստանի կողմից ընդունված՝ շփման գծում իրավիճակը վերահսկելու, վստահության ամրապնդման ու միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհրաժեշտությունը»:

Միաժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված սադրիչ քայլերից և ջանքեր գործադրել Եվրոպական խաղերի ողջ ընթացքում սահմանագծում հաստատված հարաբերական հանգիստ իրավիճակը այսուհետ ևս պահպանելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG