Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ի գործունեության աուդիտ կանցկացվի, կա հակաճգնաժամային ծրագիր


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ քննարկել է Երևանում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիան, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը տեղեկացրել է հյուրերին, որ Հայաստանում ստիպված գնացին ժողովրդականություն չվայելող քայլի՝ հաշվի առնելով հայկական դրամի ինֆլյացիայի մակարդակը և արտադրվող էներգիայի ինքնարժեքի բարձրացումը: Ըստ նրա, նոր սակագնի հաշվարկումն իր մեջ չի ներառում Բաշխիչ ցանցերի գործունեության հնարավոր բացթողումների հետ կապված կորուստները:

Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանրապետության նախագահը նաև ասել է, որ որոշ փորձագետներ փորձում են էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ակցիայի մեջ հակառուսական տրամադրություններ փնտրել: Նա ընդգծել է, թե իրեն ուրախացնում է, որ ցուցարարներն իրենք են հաստատում այդ ենթադրությունների անհեթեթությունը:

ՀՀ նախագահի առաջարկի հետ կապված՝ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, և ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգետիկայի ոլորտում բաշխիչ ընկերության գործունեությանը, ըստ Մաքսիմ Սոկոլովի, միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը: Ամենակարևորը, ըստ նրա, նշվել է, որ կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով:

Մաքսիմ Սոկոլովը ՀՀ նախագահին վստահեցրել է, որ երկու երկրների նախագահների կողմից տրվող հանձնարարականները և բոլոր այն առաջարկներն ու ծրագրերը, որոնք ներկայացվում են միջկառավարական հանձնաժողովին, կգտնվեն հանձնաժողովի մշտական ուշադրության ներքո և կիրականացվեն նախատեսված ժամկետներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG