Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ռուսաստանը միջկառավարական մակարդակով քննարկում են ՀԷՑ-ի հարցը


Հայաստանն ու Ռուսաստանը միջկառավարական մակարդակով քննարկում են էլեկտրաէներգիայի գնի շուրջ ստեղծված իրավիճակը, այսօր Երևանում լրագրողներին ասաց Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

«Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել ենք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ողջ օրակարգը, իհարկե, էլեկտրաէներգիայի գնի շուրջ ստեղծված իրավիճակը նույնպես եղել է օրակարգում, և մենք քննարկել ենք օրակարգի բոլոր հարցերը», - ասաց ռուսաստանցի պաշտոնյան:

Նա, սակայն, հրաժարվեց պատասխանել հարցին, թե ի՞նչ արդյունք է տվել քննարկումը: Այլ տեղեկություն Սոկոլովը նույնպես չհայտնեց:

«Ազատությունը» հարցում է ուղարկել Հայաստանի կառավարություն, խնդրելով տեղեկացնել՝ հատկապես ի՞նչ է վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննարկել ռուս պաշտոնյայի հետ, և ի՞նչ արդյունքն է տվել քննարկումը: Կառավարությունից դեռ պատասխան չի ստացվել:

Մաքսիմ Սոկոլովը Հայաստանում է արդեն երկրորդ օրը։ Երեկ նրան ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, այդ հանդիպմանը կողմերը քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի սերտացմանը և ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր: Էլեկտրաէներգիայի գնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ ոչ մի խոսք:

Վարչապետ Աբրահամյանն ու նախարար Սոկոլովը նաև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են, և այսօր կայացավ այդ հանձնաժողովի 16-րդ նիստը: Նիստի վերաբերյալ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունում դարձյալ ոչինչ ասված չէ էլեկտրաէներգիայի գնի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման մասին:

2006 թվականից «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը պատկանում է ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը, որի բաժնետերերից է նաև ռուսաստանյան պետությունը՝ ի դեմս «Росимущество» պետական գործակալության:

XS
SM
MD
LG