Մատչելիության հղումներ

logo-print

Փոլ Գոբլ. Երևանի իրադարձությունները Մայդանի հետ համեմատելը անմտություն է


Նստացույցի մասնակիցները Բաղրամյան պողոտայում, 26-ը հունիսի, 2015թ.

Նստացույցի մասնակիցները Բաղրամյան պողոտայում, 26-ը հունիսի, 2015թ.

Ռուսական РБК-ն էլ նշում է, որ հիմա ցուցարարները քաղաքական կարգախոսներ առաջ չեն քաշում։

«Ոչ մի բախում չի եղել։ Այն, ինչ ցուցադրում է Մոսկվան, ինձ առիթ է տալիս մտածելու, որ Ուկրաինայի մասին ևս հաճախ ստում են», - ռուսական РБК հեռուստաընկերությանն ասել է Անահիտ անունով մի կին, ում ազգանունը չի նշվում։

Անահիտին ռուսական հեռուստաընկերության թղթակիցը հանդիպել է Երևանի ցույցերում։ Նա Մոսկվայից է, Երևան է եկել այցելելու հարազատներին։

«Ես հպարտ եմ այս երիտասարդներով», - ասել է Անահիտը՝ նշելով, որ ցուցարարները չեն պահանջում անջատվել Ռուսաստանից, ինչը հաճախ է լսվում ռուսական հեռուստաընկերություններից։ «Նրանք պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը հարգի ժողովրդին», - հստակեցրել է նա։

РБК-ն նշում է, որ հիմա ցուցարարները քաղաքական կարգախոսներ առաջ չեն քաշում, բայց երբ իրենց թղթակիցը եթեր է մտնում, նրանք «Ռուսական պրոպագանդա», կամ «Հաղորդեք ճշմարտությունը» գրություններով ցուցանակներ են պարզում։

РБК-ն Բաղրամյան պողոտայում խոսել է նաև վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի հետ, ով ասել է, թե ընթացքող իրադարձությունները մարդիկ չեն կապում Ռուսաստանի հետ։ «Հայ ժողովուրդը դեռևս պայքարում է սեփական կառավարության որոշման դեմ, սակայն, եթե ուսումնասիրենք այս խնդրի արմատները, կպարզենք, որ այն ընկած է ռուսական կորպորացիայում։ Հայաստանի էլցանցերը 100 տոկոսով պատկանում են «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստր ձեռնարկությանը, եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես հիմա են զարգանում, ապա մարդիկ կսկսեն վերլուծել ռուսական կողմի գործողությունները։ Հակամարտության ձգձգումը չի համապատասխանում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ռուսական կողմի շահերին», - ասել է փորձագետը։

Իսկ The Interpreter կայքում ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը երեկ գրել է. - «Այս շաբաթ Երևանում սկսված ակցիաները Ռուսաստանի շատ վերլուծաբաններ շտապեցին ներկայացնել որպես նոր Մայդանի սկիզբ, որպես հակամոսկովյան գործողություն, որը խրախուսվում և ներդրվում է Արևմուտքի կողմից և հանդիսանում է աշխարհաքաղաքական լայն պայքարի մի մաս։ Սակայն իրադարձությունների այսպիսի մեկնաբանությունները վտանգավոր են և կարող են, ինչպես ասում են, ինքն իր գլխին փորձանք բերել»։

Գոբլը նշել է, որ Երևանի իրադարձությունները Մայդանի հետ համեմատելը բացարձակապես անմտություն է։ Նա մեջբերել է ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովին, ով Ռուսաստանի իշխանություններին վերջերս զգուշացրել էր, որ հայաստանյան իրադարձությունների սխալ մեկնաբանությունները կարող են հանգեցնել այլ զարգացումների։

Ըստ Մարկեդոնովի, եթե Մոսկվան Երևանի իրադարձությունները կապի Պետդեպարտամենտի հետ, ապա այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ Ռուսաստանը ստիպված կլինի աջակցել Հայաստանի իշխանություններին, ինչը Հայաստանի ժողովրդի մոտ հակառուսական տրամադրություններ կստեղծի։ Փոխարենը նա Ռուսաստանին հորդորել է երկու կողմի հետ՝ կառավարության և ժողովրդի, ուղիները բաց պահել և խրախուսել խնդրի կարգավորում, այլ ոչ թե պաշտպանել կողմերից մեկին։

XS
SM
MD
LG