Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հետևողականորեն օժանդակություն է ցուցաբերում ՀՀ տնտեսությանը. ռուս նախարար


Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն համապարփակ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսությանը, այդ թվում՝ էներգակիրներն արտոնյալ գներով մատակարարելով:

«Մեր համագործակցությունը գործնականում բոլոր ոլորտներում շատ բարձր մակարդակի վրա է: Վերջին շրջանում ստորագրվել է 11 միջկառավարական համաձայնագիր, այդ թվում՝ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության, Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական օժանդակության տրամադրման, գազի, նավթամթերքի, չմշակված ադամանդների մատակարարման և այլն: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկի շահագործման ժամկետի երկարացման համաձայնագրի շրջանակում ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիան արդեն սկսել է համապատասխան աշխատանքները», - այսօր Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին հայտարարել է Սոկոլովը։

Նիստը գլխավորել են հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։

«Մենք վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկը խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև տնտեսության արդիականացման և մրցունակության բարձրացման համար: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում էականորեն կփոխվեն երկկողմ առևտրի և ներդրումների, բնակչության զբաղվածության և իրական եկամուտների ցուցանիշները»,- ՀՀ կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Հովիկ Աբրահամյանը։

Իր ելույթում ՌԴ տրանսպորտի նախարարը նշել է, որ 2014 թվականն անկյունաքարային տարի էր հայ-ռուսական միջպետական հարաբերություններում, քանի որ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը:

«Հենց այդ պահից սկսած մեր երկու երկրների միջև համագործակցությունը որակապես նոր փուլ թևակոխեց, քանի որ Հայաստանի գործարարները հնարավորություն ստացան մուտք գործել պաշտպանված և ծավալուն՝ 170 միլիոնանոց շուկա, որի շրջանակում երաշխավորված է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը»,- նշել է Սոկոլովը՝ հավելելով, որ դա կնպաստի ներդրումների աճին և Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG