Մատչելիության հղումներ

Գլենդեյլի նախկին քաղաքապետ․ Վիրավորական բան չկա, որ պաշտոնյան հիմնավորի իր որոշումները


Հայաշատ Գլենդեյլի նախկին քաղաքապետը 4-րդ երեկոն է՝ Բաղրամյան պողոտայում է:

Երևանում ծնված, 27 տարի առաջ Միացյալ Նահանգներ տեղափոխված Զարեհ Սինանյանը հունիսի 23-ին իմացավ՝ լուսադեմին ոստիկանությունը ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը: Ասում է՝ ընդվզեցի:

«Անհասկանալի է ինձ համար՝ ինչպե՞ս կարելի էր ուժ գործադրել որևէ ուժ չգործադրող երիտասարդների նկատմամբ, որոնք պայքարում են մի բանի համար, որը ազդելու է բոլորի կենսամակարդակի վրա: Շատ տհաճ էր, երբ տեսա, որ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք կային՝ անհասկանալի էակներ, որոնք մարդկանց ծեծում էին պարզապես: Դա լրիվ անընդունելի է: Ես չեմ կարծում որևէ օրինական, իրավական երկրում նման բան ընդունելի է», - ասում է Սինանյանը:

Ամերիկյան 200,000 բնակչություն ունեցող քաղաքի նախկին ղեկավարը Երևանում հյուր է՝ արձակուրդն է անցկացնում:

«Ապրել եմ Հայաստանում 14 տարի, չեմ կարող անմասն մնալ որևէ բանից, որ Հայաստանում տեղի է ունենում», - ասում է նա:

Սինանյանը զուգահեռ է անցկացնում՝ 2 տարի առաջ էլեկտրաէներգիան Գլենդեյլում էլ է թանկացել, քաղաքի բնակիչների մի հատվածը որոշման հետ չի համակերպվել, բայց գործը հանրահավաքների չի հասել՝ ընդվզողները քաղաքապետարանի դեմ հայց են ներկայացրել դատարան և սպասում են վճռի:

«Երբ հոսանքը թանկացավ՝ քաղաքապետարանից պատասխան պահանջեցին: Լավ, թե վատ՝ ունեինք, հիմնավորումներ ներկայացրինք», - ասում է նախկին քաղաքապետը: Ասում է՝ չի հասկանում՝ ցուցարարները Հայաստանի նախագահին են դիմում, նա լուռ է․ - «Լռությունը երևի ամենավատ մոտեցումն է, որովհետև ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թափանցիկության բացարձակ բացակայություն է: Պետք է խոսել, պետք է բացատրել, պետք է հիմնավորել: Վիրավորական որևէ բան չկա, որ պաշտոնյան հիմնավորի իր որոշումները բնակչության առջև: Պաշտոնյան, ի պաշտոնե, պատասխանատու է դա անելու: Դա մտնում է իր աշխատանքային պարտավորությունների մեջ»:

Ըստ Գլենդեյլի նախկին քաղաքապետի, ցուցարարներին փողոց հանած մտահոգությունն ավելին է, քան հոսանքի 7 դրամի թանկացումը․ - «Եթե հարյուրավոր միլիոններ են ծախսվել և մարդիկ չեն հասկանում, թե ինչպես, եթե մարդիկ կոնկրետ խոսում են ինչ-որ մեքենաների վարձակալության համար տրված գումարների մասին, աշխատավարձեր, ինչ-որ տարօրինակ թվեր․․․ և ոչ ոք չի փորձում սպառիչ բացատրություն տալ՝ դա ինձ համար, որպես քաղաքական ասպարեզում գտնվող մարդ, որպես միշտ իմ ընտրողների առջև հաշվետու վիճակում գտնվող անձնավորություն, անհասկանալի է»:

Երևանի կենտրոնն այս օրերին հենակետ դարձրած շարժումը, Սինանյանի խոսքով, տարբերվում է նախորդներից․ - «Նախ՝ անկախ է: Նրանք, փաստորեն, չեն ուզում ենթարկվել որևէ քաղաքական կառույցի, ներառյալ՝ ընդդիմությանը: Չեն ճանաչում ընդդիմությանը, չեն ընդունում, որովհետև երևի շատ դառը պատմություն ունեն ընդդիմության հետ: Այս դեպքում դա դրական երևույթ է, որովհետև, ըստ ինձ, նրանք ճիշտ մարտավարություն են ընտրել: Օրինակ՝ այստեղից չհեռանալ, դիրքերը չհանձնել, Օպերայի հրապարակ չգնալը՝ ճիշտ քայլ էր, բայց նպատակին կհասնե՞ն՝ մի քիչ դժվար է ասել: Ամեն դեպքում, եթե ժողովուրդը իրենց աջակցի մինչև վերջ, ապա պետք է հասնեն»:

Խորհրդային Միության փլուզման տարիներին Միացյալ Նահանգներ տեղափոխված Զարեհ Սինանյանը ամեն անգամ Երևան գալով իր ծանոթներից ավելի քչերին է գտնում՝ երկրից հեռանում են:

«Շատ մարդիկ կան, որ բոլորը գիտեն անուններով, ածականներով, որ՝ պարզապես իրենց պաշտոններում չեն: Իրենք գործ չունեն քաղաքական որևէ բանի հետ առնչվելու: Բնական է՝ ընտրված չեն կարող լինել, դա բացառվում է: Եվ տեսեք, որ այդ մարդկանց պետությունը չի հեռացնում ասպարեզից, որպեսզի թողնի, որ այս երիտասարդների պես ըմբոստ, պայծառ, չհամակերպվող անձինք ներգրավվեն քաղաքական կառույցներին և շտկեն մեր հայրենիքի վիճակը», - ասում է նա:

XS
SM
MD
LG