Մատչելիության հղումներ

Հայաստանը նոր պայմաններում կշարունակի զարգացնել Վրաստանի հետ հարաբերությունները


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց և Վրաստանի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո նոր պայմաններում շարունակել հայ - վրացական միջպետական հարաբերությունները զարգացնել և խորացնել: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներ Թեա Ծուլուկիանիին և Գիորգի Մղեբրիշվիլիին:

Հայաստանի նախագահը ողջունել է հյուրերին և նրանց մասնակցությամբ Երևանում կայացած հայ - վրացական իրավական համագործակցության առաջին ֆորումը: Փաստելով, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տարբեր ուղղություններով համագործակցությունը տարեցտարի խորանում է, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Նախագահը կարևորել է երկու երկրների իրավական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների միջև ձևավորված հարաբերությունները և հույս հայտնել, որ իրավական համագործակցության ֆորումը պարբերական բնույթ կկրի: Սարգսյանն ընդգծել է, որ հիշյալ գերատեսչությունների կողմից քննարկվող հարցերը հիմնականում վերաբերում են այն խնդիրներին, որոնց առնչվում են Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները, ուստի կարևոր է, որ դրանք երկկողմ քննարկումների, փորձի փոխանակման շնորհիվ արդյունավետ լուծումներ ստանան, և քաղաքացիներն զգան կատարված բարելավումները:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վրաց նախարարներն ընդգծել են, որ Հայաստանի արդարադատության նախարարի Վրաստան այցի ժամանակ երկու երկրների միջև իրավական ոլորտում ձևավորված համագործակցության ներկայիս ձևաչափը մտադիր են պահպանել և ֆորումը դարձնել ավանդական, փորձի փոխանակում իրականացնել ու զարգացնել համագործակցությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ իր անկեղծ զորակցությունն է հայտնել Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղումների ու տարերային աղետի կապակցությամբ, և հույս հայտնել, որ Վրաստանի կառավարությունն ու Թբիլիսիի քաղաքային իշխանությունները կանեն ամեն հնարավորը՝ այդ աղետի հետևանքների շուտափույթ հաղթահարման համար: Նախագահը Հայաստանի կողմից կրկին պատրաստակամություն է հայտնել՝ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել բարեկամ Վրաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG