Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քայլերը «վիճելի են և կասկածահարույց»


Միացյալ Նահանգները պետքարտուղար Ջոն Քերրին Մարդու իրավունքների 2014 թվականի զեկույցի հրապարակման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում: Վաշինգտոն, 25-ը հունիսի 2015 թ․

Միացյալ Նահանգները պետքարտուղար Ջոն Քերրին Մարդու իրավունքների 2014 թվականի զեկույցի հրապարակման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում: Վաշինգտոն, 25-ը հունիսի 2015 թ․

Իշխող Հանրապետականը ընդունում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցի արձանագրումը, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս խնդրահարույց է:

ՀՀԿ-ի ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ՝ իրենք փորձում են պայքարել դրա դեմ․ կառավարությունում հանձնաժողով է ձևավորված, իշխանությունն իրականացնում է հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիր:

«Մենք էլ այդ առումով, կարծես թե, ազգովի պետք է մի օր այդ կարմիր գիծը քաշենք և թույլ չտանք, որ մեր կողքին լինեն, օրինակ, կոռումպացված չինովնիկներ, հարևաններ, ազգականներ, ծնողներ․․․ Այս գիտակցությունը նաև պետք է կարողանանք ներդնել, որպեսզի ավելի արդյունավետ լինի [կոռուպցիայի դեմ պայքարը]», - հավելեց Սահակյանը:

Մինդեռ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» համակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի համոզմամբ՝ «շան գլուխը լրիվ այլ տեղ է թաղված»: Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քայլերը, ըստ փորձագետի, «վիճելի են և կասկածահարույց»․ - «Ակտիվ պրոցես կոռուպցիայի դեմ պայքարի մենք ինքներս չենք տեսնում: Դրա համար էլ այդ վիճակը տարեցտարի կրկնվում է, և զեկույցներն էլ ըստ էության տարեցտարի իրենք իրենց կրկնում են: Մենք չենք էլ ակնկալում, որ այս անգործության պայմաններում որևէ բան կարող է փոխվել»:

Զեկույցը նաև փաստում է, որ ոստիկանությունը Հայաստանում խոստովանություններ ստանալու նպատակով շարունակում է հարցաքննությունների ընթացքում ծեծի ու կտտանքների ենթարկել մարդկանց։ Զեկույցը հիշեցնում է նախագահի դեմ արտահայտվողների «ականջները կտրելու» մասին փոխոստիկանապետի սպառնալիքը:

Արձագանքելով զեկույցի այս հատվածին՝ Հովհաննես Սահակյանը պնդում է, թե ձեռնարկվող քայլերը գուցեև տեսանելի չեն, բայց կան․ - «Կլինեն տարբեր ոստիկաններ, պաշտոնյաներ, մարդիկ, ովքեր իրենց վերաբերմունքի, խոսքի առումով միգուցե մի փոքր այլ՝ ոչ ընկալելի հարթության մեջ իրենց տեսակետը կհայտնեն․․․ Դրա մասին խոսել է ոստիկանապետը: Նշել է, որ դրա հետ կապված և՛ ծառայողական քննություն է, և՛ գործ է հարուցված»:

Սոնա Այվազյանի համար, սակայն, ամեն ինչ միանշանակ է․ - «Ամբողջ խնդիրը նա է, որ ի վերջո ոստիկանությունը պաշտպանում է ոչ թե օրենքը, այլ պաշտպանում է վարչախումբն ու նրա հրամանները: Եվ դա էլ չի փոխվի, եթե չփոխվի այդ մոտեցումը»:

Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Պետդեպարտամենտի քննադատությանը կարձագանքեն զեկույցն ուսումնասիրելուց հետո:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ի դեպ, երեկ ցուցարարների նկատմամբ կոշտ գործողությունների առնչաթյամբ հայտարարել էր․ - «Իսկ ով ասեց, որ չի կարող լինել թերություններ ու սխալներ»:

Պետդեպարտամենտի մատնանշած թերությունները հաղթահարելու համար իշխող քաղաքական ուժը մեկ դեղատոմս է առաջարկում՝ Սահմանադրության բարեփոխում:

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մինչդեռ, վստահ է, որ Սահմանադրությունը փոխելուց առաջ նախ հարկավոր է կիրառել օրենքը․ - «Կեղծում է իրական պատճառները և նպատակ ունի հերթական քաղաքական նպատակահարմարությունը սքողել այդպիսի մտացածին գործողություններով: Դատական իշխանության անկախության ապահովման համար պետք է ոչ թե Սահմանադրության փոփոխություն, այլ Դատական օրենսգրքի փոփոխություն»:

Պետդեպարտամենտի զեկույցում խոսվում է նաև բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված կասկածելի մահացությունների, ինչպես նաև նորակոչիկների նկատմամբ բռնությունների մասին:

Արթուր Սաքունցի տպավորությամբ՝ իշխանություններին առհասարակ չի հուզում դա, ինչի վառ ապացույցը կադրային քաղաքականությունն է․ - «Մենք արդեն գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի նաև Պաշտպանության բանակում մահացության դեպքերի, կանոնադրական հարաբերությունների խախտումների մի մասը հենց այդտեղ են կատարվում: Ինչո՞վ է աչքի ընկել Մովսես Հակոբյանը, որ նրա այդ ծառայությունները հիմք են հանդիսանում նման նշանակում կատարելու համար»:

XS
SM
MD
LG