Մատչելիության հղումներ

Սահակյան. Ընդհանուր հայտարարի գալ կարելի է միայն բանակցությունների միջոցով


Ըստ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, առաջին քայլն արել են իշխանությունները՝ անապահովներին լրացուցիչ 2000 դրամ փոխհատուցում առաջարկելով։

Ցուցարարների հետ ընդհանուր հայտարարի գալ կարելի է միայն բանակցությունների միջոցով, «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

«Ասենք խռո՞վ ենք, իրար հետ չենք ուզո՞ւմ խոսել։ Գնա, բանակցի, ներկայացրու խնդիրը, պատասխանը ստացի։ Ես ասել եմ ու վե՞րջ, մեջքով կանգնե՞մ ու վերջ՝ խնդիրը լուծեք», - ասաց Սահակյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Միքայել Մելքումյանը նույնպես կարծում է՝ բանակցությունների մեջ պետք է խնդիրը լուծել։ Հարցին՝ արդյոք համարժե՞ք է համարում կառավարության արձագանքը Բաղրամյան պողոտայից օրեր շարունակ հնչող պահանջին, Մելքումյանը պատասխանեց.- «Սև ու սպիտակի չբերենք, իհարկե, պետք է նստել բանակցային սեղանի շուրջ։ Ես կարծում եմ, որ հեռակա իրար բաներ ասելը հարց չի լուծում»։

Ի տարբերություն էլեկտրաէներգիայի չթանկացման պահանջի, Մելքումյանը իրատեսական չի համարում գործող սակագնի իջեցման պահանջը։ Ասում է, սակայն, որ ՀԷՑ-ի պարտքերի հարցը հնարավոր էր լուծել առանց բնակչության համար սակագինը բարձրացնելու։

«Կարելի էր բուֆերային գումարներ գտնել, կարելի էր դիվերսիֆիկացնել ռիսկերը, կարելի էր ինչ-որ մաս վերցնել ՀԷՑ-ից պարտքի դիմաց, շատ-շատ լուծումներ կան, բայց դա մասնագիտական քննարկումների և պետության ընդհանուր ռազմավարության կոնտեքստում դիտարկենք»,- ասաց նա։

«Ժառանգությունից» Թևան Պողոսյանը ևս սակագինը չբարձրացնելու առումով բազմաթիվ լուծումներ տեսնում է։ Դրանցից մեկը, ըստ պատգամվորի, կարող էր լինել ռուսական ընկերության կուտակած պարտքերը փակելու համար Ռուսաստանից օժանդակություն ստանալը։

«Երեք կողմն էլ կշահեին։ Կառավարությունը գինը չէր բարձրացնի, պահանջատեր երիտասարդները կհասներ պահանջին, դրա հետ մեկտեղ Ռուսաստանը՝ որպես ռազմավարական գործընկեր, կշահի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների սիրտը»,- ասաց պատգամավորը։

Կառավարության որոշմանը՝ 2000 դրամով ավելացնել անապահովների նպաստը, Թևան Պողոսյանը արձագանքում է՝ արդյոք գործադիրը հաշվե՞լ է՝ քանի նոր ընտանիք կաղքատանա հոսանքի թանկացման պատճառով։

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կառավարության արձագանքը ծիծաղելի է համարում. 2000 դրամով ավելացնել անապահովների նպաստը լուրջ առաջարկ չէ՝ բողոքի ցույցերից գրեթե տասն օր անց։

«Տասը օր հետո էդպես կիսալուծում առաջարկելով, ինձ թվում է, ուղղակի ստուգում են ժողովրդի զգոնությունը, և ադեկվատ պատասխան եղավ, որ ձեր առաջարկը ամենևին ադեկվատ չէ»,- ասաց Մանուկյանը։

Հարցը բանակցությունների միջոցով լուծելու իշխանությունների առաջարկը Արամ Մանուկյանը ուշացած է համարում, բավականաչափ ժամանակ կար բանակցելու համար։

«Երիտասարդները առաջարկ չեն անում, որ նրանք էլ բանակցեն։ Երիտասարդները ուղղակի կտրուկ դրել են՝ հոսանքի թանկացումը կասեցնել, վե՛րջ, ի՞նչ բանակցություն։ Ինչքան էլ երկարացնեն, էնքան պահանջները խստանալու են»,- ասաց պատգամավորը։

Մանուկյանը կարծում է՝ ոչ միայն հոսանքը չթանկացնելու, այլևս գործող սակագինը նվազեցնելու բազմաթիվ ուղիներ կան, սակայն դրանք ընտրելու համար քաղաքական կամք է հարկավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG