Մատչելիության հղումներ

Արդեն 4-րդ օրն է Գյումրիում նստացույցը չի դադարում: Ցուցարարներն այսօր հայտարարեցին, որ նստացույցը կշարունակվի մինչև երկուշաբթի, որից հետո կորոշեն հետագա քայլերը:

Քիչ առաջ Թատերական հրապարակից նստացույցի մասնակիցներն ու շարժմանը միացած քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Գյումրիի ծայրամասային՝ Անի թաղամաս: Ոստիկանները նախ չէին թույլատրում փողոցով երթ անցկացնել, այնուհետև հարցը դրվեց հանրային քննարկման: Մոտ 30 րոպե բանակցելուց հետո երթի մասնակիցներին թույլատրվեց երթն անցկացնել փողոցով:

Էլեկտրաէներգիայի թանկացման համար անապահովության նպաստը 2 հազար դրամով ավելացնելու կառավարության որոշումը այսօր է՛լ ավելի բորբոքեց կրքերը Գյումրիում: Հիշեցնենք, ըստ պաշտոնական վիճակագրության՝ Գյումրիում աղքատ է յուրաքանչյուր երկրորդը:

«Ի՞նչ է նշանակում ամիսը 2 հազար դրամ էլեկտրաէներգիայի փոխհատուցում, երբ էլեկտրաէներգիայի գների տատանումը բերելու է ամբողջ շուկայի, սպառողական մեծ թվով ապրանքները, ծառայություններ թանկանալու են: Ինչո՞վ է հիմնավորվում 2 հազար դրամը, ո՞նց է հիմնավորվում», - ասաց նստացույցի մասնակից Տիգրան Պետրոսյանը:

«Վարչապետի հայտարարությունը այս իմաստով անընդունելի է, որովհետև, իր ասելով, հոգսը մնալու է մեր վրա էլի, և էդ չարաշահումների և ապօրինի, չարդարացված ու չհիմնավորված որոշման համար մենք չենք պատրաստվում վճարել մեր հարկերից: Վարչապետը հայտարարություն անելուց առաջ պետք է լավ մտածի, որովհետև իր կողմից բերված փաստերը գոնե շատ սիրողական էին և չհիմնավորված», - ընդգծեց նստացույցին մասնակցող Կարեն Պետրոսյանը:

XS
SM
MD
LG