Մատչելիության հղումներ

«Կյանքումս ծննդիս 20 հազար հրավիրյալ չեմ ունեցել»


«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը այսօր դարձավ 24 տարեկան և ստացավ, իր խոսքով, ամենամեծ նվերը՝ պայքարով լիցքավորված, հազարավոր ցուցարարներով լի հրապարակ:

«Ժողովուրդ ջան, կյանքումս ծննդիս 20 հազար հրավիրյալ չեմ ունեցել», - ի պատասխան շնորհավորանքների ասաց Շուշանյանը։ - «Ես սա նվեր եմ ընդունում ինձ, որ էսքան մարդ պահանջատեր է դարձել և վերջապես իր մեջից հանել է վախը, դուրս է եկել փողոց և պահանջում է, որ իր վրա ավելորդ սոցիալական բեռ չդնեն»։

Մասնագիտությամբ իրավաբան Վաղինակը դեռ 16 տարեկանից սկսել է պայքարել իրավունքների պաշտպանության համար։ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո անգամ տնից է փախել՝ Երևանում Ազատության հրապարակի ցուցարարներին միանալու համար․ - «Էն աղետի գոտուց [ծննդավայր Սպիտակից] էս աղետի գոտի եմ եկել: Փախել եմ՝ առանց ծնողներիս տեղյակ պահելու»։

Ավելի ուշ մասնակցել է բոլոր քաղաքացիական շարժումներին՝ Մաշտոցի պուրակում, Թեղուտում, Թռչկանում։ Եղել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի ու հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ցույցերի ակտիվ մասնակիցներից: Անցած տարի էլեկտրաէներգիայի հերթական թանկացման ժամանակ ևս պայքարի առաջին շարքերում էր։ Ակտիվ պայքարի համար անցած տարեվերջին անգամ ծեծի է ենթարկվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում։ Քրեական գործ են հարուցել, բայց այդպես էլ որևէ մեկը չի պատժվել։

Քաղաքացիական ակտիվության համար հաճախ նաև ստիպված է եղել աշխատանքը փոխել։ Ազատման վերջին դիմումը գրել է մեկ շաբաթ առաջ, երբ նախատեսում էր մասնակցել հոսանքի սակագնի բարձրացման դեմ շուրջօրյա նստացույցերին․ - «Գործատուս ինձ ասում էր՝ քո ակտիվ լինելու վերջին տարվա ընթացքում հարկային տեսչությունը չափից ավել է մտել մեր հիմնարկ՝ ստուգումների։ Դե պարզ էր դառնում, թե ինչի պատճառով են մտել էդ հիմնարկ ստուգումների։ Ղեկավարությանս ասել էին՝ կա՛մ կարգի հրավիրեք էդ երիտասարդին, կա՛մ ազատեք աշխատանքից»։

Վստահ է, որ աշխատանք կգտնի: Հոսանքի թանկացման դեմ պայքարում հաջողության հասնելուց հետո միայն։ Հիմա ավելի կարևոր գործ ունի, պիտի համակարգի պայքարը։ Անընդհատ շրջում է պողոտայով ու հետևում իրադարձություններին։ Պայքարը՝ պայքար, բայց խախտումներ չի հանդուրժի։

Վաղինակն ասում է, որ Բաղրամյան պողոտայից չի հեռանա՝ մինչև չհասնեն իրենց վերջնական նպատակին․ - «Գոնե մի անգամ կարողանանք մենք ապացուցել էս իշխանություններին, որ չէ, ախպեր ջան, դո՛ւք չեք այս ամեն ինչը ղեկավարողը: Դուք մեր ծառաներն եք ու մեր ասածով պիտի շարժվեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG