Մատչելիության հղումներ

Որդեկորույս կանանց արգելեցին բարձրանալ Բաղրամյան 26


Ոստիկանությունը փակում է որդեկորույս մայրերի ճանապարհը դեպի նախագահական, 25-ը հունիսի, 2015թ.

Ոստիկանությունը փակում է որդեկորույս մայրերի ճանապարհը դեպի նախագահական, 25-ը հունիսի, 2015թ.

«Միայն թե ոչ այսօր, ես ձեզ խնդրում եմ, ընդունեք իմ խնդրանքը», - ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ամեն հինգշաբթի Բաղրամյան 26-ի մատույցներում հավաքվող որդեկորույս մայրերին այսօր անգամ չհաջողվեց մոտենալ նախագահական նստավայրի շենքին. ոստիկանները թույլ չտվեցին նրանց բարձրանալ Բաղրամյան պողոտայով, որն արդեն երրորդն օր է փակ է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների կողմից։

«Այ սենց գնացեք մարդասպանների դեմը փակեք, Ղարաբաղում զինվորների սպանողների դեմը փակեք», - դիմելով ոստիկաններին՝ ասաց սևազգեստ մայրերից մեկը։

Րոպեներ անց նրանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ու խնդրեց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին դադարեցնել բողոքի ակցիաները, քանի դեռ պողոտան փակ է։ «Միայն թե ոչ այսօր, ես ձեզ խնդրում եմ, ընդունեք իմ խնդրանքը», - ասաց Օսիպյանը։

Մայրերը անդրդվելի էին։ Ասում էին՝ թեև կիսում են էներգիայի թանկացման դեմ պայքարողների դժգոհությունը ու պատրաստ են այս հարցում միանալ նրանց, սակայն մտադիր չեն հրաժարվել նաև իրենց հուզող հարցից. ուզում են նախագահական նստավայրից պատասխան ատանալ որդիների մահվան գործերի վերաբերյալ։

«Մեղք չի՞ իմ երեխեն, որ հինգ տարի է հողի տակ է։ Ինձ հանգիստ չկա, ես չեմ հանգստանա, մինչև իմ երեխուն սպանողը պատասխան չտա։ Ես պահանջում եմ՝ ով որ արել է, հրապարակավ գնդակահարել։ Մենք ուզում ենք, որ մեր ձայնը լսեն», - ասաց մայրերից մեկը։

Որդեկորույս մայրերը փոխոստիկանապետ Օսիպյանին հիշեցրեցին, որ հենց նրա ենթականերն են շաբաթներ առաջ իրենց նկատմամբ բռնություն կիրառել՝ Բաղրամյան պողոտայի մի մայթից հարկադրաբար մյուսը տեղափոխելով։ Այս փաստով հարուցված քրեական գործը, սակայն, դոփում է տեղում։

«Հավաստիացնում եմ, մենք ձեզ հարգում ենք, ես ներողություն եմ խնդրում։ Ինչի չեք լսում նաև ոստիկաններին։ Մենք ցանկություն չունենք ձեզ հետ վիճաբանելու։ Ինձ տարեք դատեք», - ասաց Օսիպյանը։

Ավելի քան կես ժամ բանակցելուց հետո, անսալով փոխոստիկանապետի խնդրանքին, որդեկորույս մայրերն այսօր ետ կանգնեցին նախագահական նստավայր գնալու մտադրությունից։

XS
SM
MD
LG