Մատչելիության հղումներ

Ղեկավար ՀՀԿ-ականը չի բացառում սակագնի վերանայման հարցը՝ եթե ՀԷՑ-ի սեփականատերը փոխվի


ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը

«Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման ցուցարարների պահանջը չի կարող լուծվել օրերի ընթացքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար, կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը՝ խնդրի լուծումը նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նոր սեփականատիրոջ հետ կապելով․ - «Եթե հանկարծ սակագնի վերանայման խնդիր առաջանա, դա օրերի խնդիր չի: Դա եթե լինի․․․ նոր սեփականատեր, կամ, ես չգիտեմ, ինչ-որ լիցենզիայից զրկելու խնդիր լինի․․․ և նոր աուդիտ նշանակվի, որի արդյունքում մենք նորից գնահատումներ անենք, թե ինչ խախտումներ են եղել, ինչի պատճառով է սակագինը թանկացել․․․ Դա ամիսների խնդիր է»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հանձնաժողովի օրակարգում ՀԷՑ-ին արտոնագրից զրկելու հարց չկա:

Էլեկտրաէներգիայի թանկացման որոշում կայացրած կարգավորող մարմնի ղեկավար Ռոբերտ Նազարյանն այս օրերին ասում է՝ ցուցարարների պահանջը կատարելու համար պետք է աղբյուրը ցույց տաք, թե ինչի հաշվին մենք կարող ենք նվազեցնել սակագինը: Խոսքը ՀԷՑ-ի կրած և սակագնով դեռևս չփոխհատուցված ավելի քան 23 մլրդ դրամի մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նազարյանն ասել է․ - «Կա՛մ դա պետք է լինի սպառողի հաշվին, կա՛մ պետք է լինի արտոնյալ երկարաժամկետ վարկի հաշվին: Կա՛մ էլ պետք է լինի բյուջեի սուբսիդավորման հաշվին: Ուրիշ տարբերակ չկա»:

Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ ցուցարարների պահանջն այս պահին անիրագործելի է, սակագնի բարձրացումը կասեցնել, նշանակում է վտանգել էներգետիկ համակարգի ապագան․ - «Եթե մասնագիտական մոտեցում ցուցաբերեն և իրենց մեջ՝ ցուցարարների, լինեն մասնագետներ և հասկանան իրավիճակը, ինձ թվում է, որ նրանք այդ պահանջից կհրաժարվեն: Այլ խնդիր է, եթե կլինեն դրանք նոր մարդիկ, կլինեն նոր սեփականատերեր, այդ խնդիրը կբարձրացնեն նոր սեփականատերերը, նոր աուդիտ կարվի սեփականատերերի ցանկությամբ, և նորից կվերանայվի այդ խնդիրը, դրա համար ժամանակ է պետք»:

Երեկ ողջ օրվա ընթացքում հայաստանյան լրատվամիջոցները գրում էին, թե ՀԷՑ-ը նոր սեփականատեր կարող է ունենալ․ իբր ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը համաձայնության է եկել "Интер РАО-"ի հետ ՀԷՑ-ը գնելու շուրջ: Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերության մամուլի ծառայությունը հերքեց լուրը:

Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ իր տեղեկություններն էլ են մամուլից․ - «Որևէ հավաստի կամ պաշտոնական որևէ տվյալ ես չունեմ»:

Հարցին, թե արդյոք կարծում է, թե ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կողմից ձեռք բերելը կարող է լուծել հարցը, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Համենայն դեպս, ով կլինի ձեռք բերողը․․․կամ մենք պետք է նոր բանակցային փուլ սկսենք նոր սեփականատիրոջ հետ: Ինձ թվում է, դա բավականին լավ լուծում կլինի, եթե լինեն նոր մարդիկ, ընդհանրապես այլ մոտեցում լինի: Այս տարբերակի դեպքում, այս սեփականատերերի դեպքում, ինձ թվում է, որ իրենք իրենց պահանջները դրել են և նոր բան անել չեն կարող»:

XS
SM
MD
LG