Մատչելիության հղումներ

Ցուցարարները չեն պատրաստվում անսալ վարչապետի կոչին


«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյան, 25-ը հունիսի, 2015թ.

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյան, 25-ը հունիսի, 2015թ.

Ցուցարարները չեն պատրաստվում անսալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Բաղրամյան պողոտան բացելու կոչին։ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Աբրահամյանի խոսքն իրենց համար «առհասարակ նշանակություն չունի»։

Հիշեցնենք՝ վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցել է էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա բարձրացման հարցով, և խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ որպես հոսանքի թանկացման փոխհատուցում՝ 105 հազար ընտանիքների, ինչը կազմում է մոտ 400 հազար մարդ, տարեկան հավելյալ կվճարվի 24 հազարական դրամ սոցիալական նպաստ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հիմնավորված է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը 6․93 դրամով թանկացնելու վերաբերյալ: Վարչապետը նաև կոչ արեց ցուցարարներին՝ բացել փողոցն ու վերադառնալ կառուցողական դաշտ։

Շուշանյանը, արձագանքելով այս հայտարարություններին, ասաց. - «Այդպիսի հաստիքով մարդ արդեն երկար ժամանակ է չգիտեմ, այդպիսի մարդ չկա, որ համակարգի ու ղեկավարի կառավարությունը։ Մեր պահանջը տեսնում եք որտեղ է, մինչև ուր պետք է բարձրանայինք, չթողեցին: Այնպես որ, առհասարակ ինչ է խոսել այդ անձնավորությունը՝ նշանակություն չունի»։

Շուշանյանը վարչապետին այսօր ժամը 19-ին հրավիրեց Բաղրամյան պողոտա՝ երկխոսության․ - «Եթե այդպիսի տղամարդկություն ու խիզախություն ունի, թող գա այստեղ՝ խոսենք, թող գա, այդքանը ժողովրդի առաջ կանգնի, հարթակից ասի՝ ժողովուրդ ջան, սուբսիդավորելու ենք, ու հիմնավորված է այս ամենը»։

Ցուցարարը նշեց, որ փորձելու են փոխել պայքարի մարտավարությունը. - «Որովհետև, ինչպես հասկանում ենք, չեն ուզում ուշադրություն դարձրած լինել ու լրջության մակարդակը չեն ուզում հասկացած լինել, թե ինչքան ենք պատրաստ մնալ այստեղ. ես ասել եմ, որ անձամբ ես վերջին մարդն եմ լինելու, որ գնա այստեղից, ու ոչ թե գնալու եմ, այլ տանելու են, բոլորն էլ գնացած լինեն՝ ես այստեղ նստած եմ լինելու»։

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG