Մատչելիության հղումներ

Որդեկորույս մայրերին արգելեցին բարձրանալ Բաղրամյան 26


Ոստիկանությունը փակում է որդեկորույս մայրերի ճանապարհը դեպի նախագահական, 25-ը հունիսի, 2015թ.

Ոստիկանությունը փակում է որդեկորույս մայրերի ճանապարհը դեպի նախագահական, 25-ը հունիսի, 2015թ.

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը։ Նրանք ցանկանում էին բարձրանալ Բաղրամյան 26՝ նախագահի նստավայրի մոտ, ապա Ազգային ժողով՝ բողոքի ցույց անցկացնելու բանակում զոհված իրենց զավակների մահվան պատճառները բացահայտելու ու մեղավորներին պատժելու պահանջով։

Սակայն հոսանքի թանկացման դեմ արդեն երրորդ օրը շարունակվող նստացույցի կապակցությամբ ոստիկանները փողոցը փակել են, և Բաղրամյան պողոտայի սկզբնամասից որդեկորույս մայրերին թույլ չտվեցին առաջ շարժվել։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խնդրեց մայրերին բողոքի ակցիան իրականացնել մեկ ուրիշ օր։ Ի պատասխան Օսիպյանի պահանջի՝ կանայք ներկայացրեցին օմբուդսմենի՝ նախագահի նստավայրի մոտ խաղաղ ցույց իրականացնելու իրավունքի մասին գրությունը։ «Ես չեմ հանգստանա, մինչև իմ երեխուն սպանողը չպատժվի», - ասաց նրանցից մեկը։

Հիշեցնենք՝ մայրերը պնդում են, որ իրենց զավակների սպանությունները բացահայտված չեն, մեղավորներն էլ ազատության մեջ են։ Նրանք դեռևս անցյալ նոյեմբերին դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով լսել իրենց պատմությունները, կասկածներն ու օգնել բացահայտելու սպանությունների իրական հանգամանքները։ Անցյալ նոյեմբերից յուրաքանչյուր հինգշաբթի նրանք նախագահականի մոտ են, սակայն դեռևս ոչ մի արձագանք։

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG