Մատչելիության հղումներ

Ոստիկանապետ. «Եղեք խաղաղության մեջ, և ամեն ինչ նորմալ կլինի»


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում պատասխանում է «Ազատության» հարցերին, Երևան, 25-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում պատասխանում է «Ազատության» հարցերին, Երևան, 25-ը հունիսի, 2015թ.

Այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա ցուցարարներին կոչ արեց «լինել խաղաղության մեջ»՝ նշելով, որ այդ դեպքում «ամեն ինչ նորմալ կլինի»։

«Ազատության» դիտարկմանը, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հայհոյել է «Ազատության» լրագրողին, կոտրել հեռախոսը, և հարցին, թե դրան ի՞նչ գնահատական կտա, ոստիկանապետը պատասխանեց. - «Ծառայողական քննություն է ընթանում, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, ինչո՞ւմն է բանը։ Իսկ ո՞վ ասաց, որ չի կարող լինել թերություններ ու սխալներ, կարևորը, թե ինչպես կտեսնես դա ու ինչպես կլուծես»։

Ոստիկանապետը զրուցեց նաև գիշերը պողոտայում անցկացրած ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց զրույցը տեղի ունեցավ առանց լրատվամիջոցների ներկայության։

Փաշինյանը լրագրողներին փոխանցեց, որ ոստիկանապետի հետ նստացույցի մասին չեն խոսել, փոխարենը՝ ինքը Գասպարյանին հիշեցրել է հունիսի 23-ի առավոտը, երբ բռնություն գործադրվեց ցուցարարների ու լրագրողների հանդեպ, և կոչ է արել ոստիկանապետին պատժել այն ոստիկաններին, ովքեր բռնի ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներին։

«Ոստիկանապետին նաև հարցրեցի, թե լրագրողներին հետաքրքրում է՝ արդյո՞ք հատուկ կազմակերպված չէր, որ ուղիղ եթեր ապահովող տեսախցիկը դառնում է թիրախ, ոստիկանապետը վստահեցրեց, որ նման կազմակերպված բան չկա։ Ասաց, որ վնասված գույքի մի մասը գտնվել է, մի մասը փոխհատուցվել է, որ մասը չի փոխհատուցվել՝ կփոխհատուցվի», - փոխանցեց Փաշինյանը։

Ցուցարարները շարունակում են նստացույցը, աղբահանություն իրականացնող կազմակերպությունը տարածքից հեռացրեց աղբը, մաքրող ջրցան մեքենան մաքրեց փողոցը։ Իսկ ցուցարարները Բաղրամյան պողոտայում են, ասում են, որ մնալու ենք այնքան, մինչև Սերժ Սարգսյանը չեղարկի հոսանքի թանկացման որոշումը։

Ոստիկանության տվյալներով, գիշերը նստացույցին 6 հազար մարդ է մասնակցել: Ակցիան անցել է առանց միջադեպերի և այս պահին էլ շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG