Մատչելիության հղումներ

Բազմազավակ մայրը, ի նշան բողոքի, հրաժարվել է թանկացող հոսանքից


Բազմազավակ մայրը, ի նշան բողոքի, հրաժարվել է թանկացող հոսանքից
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող բազմազավակ մայր Հասմիկ Խաչիկյանը, ի նշան բողոքի, հրաժարվել է, իր բնորոշմամբ, անհիմն թանկացող հոսանքից։

Երեկոներն անչափահաս զավակների հետ մոմի լույսի տակ է անցկացնում, ցերեկներն էլ մասնակցում նստացույցի, որի համար երեկ ստիպված էր ավելի քան տասը ժամ անցկացնել ոստիկանությունում՝ անչափահաս որդու հետ։

«Իհարկե դժվար է. երեք երեխայի շոր լվանալը, մթության մեջ պահելը, բայց էսօր ես էս տարբերակը ճիշտ գտա։ Ես ուրիշին ավելի փող չունեմ տալու։ Ես ուղղակի չեմ առնի էն ապրանքը, որն ինձ համար չափազանց թանկ է»,- ասում է նա։

Լույսը բացվելուն պես արթնանում է. շատ գործ ունի, որ դեռ պետք է հասցնի ավարտել՝ ավելի ուշ նստացույցին միանալու համար։ Պետությունից 35 հազար դրամ անապահովության նպաստ է ստանում չորս զավակների համար։ Ավագ որդին արդեն մեկ տարի է բանակում է, երկուսը դպրոցական են, մեկը մանկապարտեզ է հաճախում։ Երեխաներին կերակրելու հիմնական միջոցը կարուձևն է։ Նախկինում նաև գիշերն էր աշխատում, հիմա ստիպված է բնական լույսի տակ գործն ավարտել։ Մատների արագ շարժումով թելում է ասեղը ու սկսում նստացույցի պատճառով կիսատ մնացած գործը։

«Այ, սա ամսի 19-ից կիսատ է մնացել։ Հիմա կանեմ, նոր կգնամ նստացույցի»։

Ասում է ու հաշվում՝ եթե հոսանքի գինը բարձրանա, ամեն ինչ կթանկանա, բացի իր ծանր աշխատանքից.- «Անցած տարի, երբ որ թանկացավ ու ամեն ինչն էլ հետը թանկացավ, ես որոշեցի ընդամենը 1000 դրամով ավելացնել։ Ես 14 տարի այս գործն արել եմ 5000 դրամով, որոշեցի 6000 դարձնեմ, ամաչեցի։ Ուղղակի որովհետև էդ 1000 դրամը մարդիկ էսօր շատ դժվար են աշխատում»։

Հասմիկը կարևորում է այսօրվա պայքարն ու չորս երեխաների մասին հոգ տանելուց բացի ժամանակ գտնում նաև դրա համար։

«Մինչև երեխան չլացի, մայրը կաթ չի տա։ Մեր կառավարության համար ամեն մեկս մի երեխա ենք։ Մենք պիտի ճվանք, լսեն, որ մենք սոված ենք։ Եթե չլսեն, ուրեմն մենք ենք մեղավոր, ուրեմն լավ չենք ճչացել, ուրեմն քիչ ենք»,- ասում է նա։

Հասմիկի ավագ որդին՝ Սարգիսը պայքարին հետևում է բանակից՝ ընկերների հետ։ 14-ամյա մյուս որդին էլ՝ Սամվելը, որ երեկ ոստիկանություն բերման էր ենթարկվել, այսօր համացանցով էր հետևում իրադարձություններին, մասնակցում վիրտուալ բանավեճերի։ 14-ամյա պատանին համաձայնել էր մի քանի գիշեր Ազատության հրապարակում անքուն գիշերներից հետո տատիկի մոտ մնալ, բայց մորը զգոնության կոչ էր անում ու պնդում՝ պայքարից հետ չի մնալու։

«Պետք է պայքարենք ու չհանձնվենք, որ մեր ուզածը լինի։ Ոչինչ, թող մի քիչ էլ տանջվենք, բայց մեր ուզածը անենք։ Էս դեպքում սխալը պետությունն է, ճիշտ ենք մենք՝ ժողովուրդը»,- ասում է Սամվելը։

Հասմիկն այսօր էլ մորը խնդրեց խնամել երեխաներին ու շտապեց Բաղրամյան պողոտա՝ միանալու վերջին չորս օրերին ձեռք բերած ընկերներին։ Ողջագուրվելուց ու միմյանց որպիսությունը հարցնելուց հետո անցնում են հիմնական թեմային, վստահ՝ ակցիաները դադարեցնելուն ուղղված ոստիկանության գործողությունները արդյունք չեն տալու։

«Ինչքան ջրեք, էնքան կաճենք»,- ոստիկանական ջրցան մեքենայով ցրվելուց հետո ծնված կարգախոսն են հիշեցնում ցուցարարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG