Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հուսով են, թե իրավիճակը Հայաստանում «կկարգավորվի օրենքի շրջանակներում»


Ռուսաստանում հուսով են, թե իրավիճակը Հայաստանում «կկարգավորվի օրենքի շրջանակներում»
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինիկինն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ չդադարող բողոքի ակցիաներին՝ ըստ էության, սատարելով բանակցություններ սկսելու նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը:

«Այս իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում: Այլ տարբերակներ չեն կարող լինել: Իրավիճակը պետք է կարգավորվի միայն բանակցությունների սեղանի շուրջ, որը բազմիցս առաջարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ Երևանում և ընդհանրապես Հայաստանում կայուն իրավիճակ լինի, որ այստեղ որևէ հակամարտություն չլինի: Հայաստանը կարող է զարգանալ միայն կայունության պայմաններում», - ասաց Վոլինկինը:

Հայաստանում Միացյալ Նահանգների, Եվրամիության ու Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները երեկ հայտարարություններ տարածեցին՝ մտահոգություն հայտնելով ոստիկանության կողմից ցուցարարաների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման և լրագրողների դեմ գործադրված բռնությունների կապակցությամբ:

Ի տարբերություն արևմտյան երկրների, Ռուսաստանի դեսպանատունը չարձագանքեց բռնություններին: Այսօր այդ մասին չխոսեց նաև դեսպանը:

Երևանում ստեղծված իրավիճակի մասին երեկ խոսել էր Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հայաստանը մեր ամենամոտ գործընկերն է: Հայաստանի, հայ ժողովրդի հետ մեզ միավորում են պատմական կապերը: Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այնտեղ տեղի ունեցող զարգացումներին և, անկասկած, հույս ունենք, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի օրենքի պահանջներին համապատասխան, և որ օրենքի որևէ խախտում տեղի չի ունենա», - նշել էր ռուսաստանցի պաշտոնյան:

Էլեկտրաէներգիան թանկացնելու հայտ ներկայացրած ռուսական ՀԷՑ-ից օրեր շարունակ չեն արձագանքում Երևանում տեղի ունեցող զարգացումներին: Մայր ընկերությունից՝ Интер РАО-ից մեկնաբանություն ստանալու մեր փորձերը նույնպես ապարդյուն եղան․ լրատվական ծառայությունը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Փոխարենը, երեկ Русарминфо կայքի հետ զրույցում Интер РАО-ի մամլո ծառայության ղեկավար Նիլոլայ Գորելովը հայատարարել էր․ - «Ընկերությունը համարում է, որ Հայաստանում զարգացումները տեղափոխվել են քաղաքական հարթություն, իսկ Интер РАО-ն Հայաստանում զբաղվում է բիզնեսով և ոչ թե քաղաքականությամբ ու չի պատրաստվում այդ իրադարձությունների մասնակիցը դառնալ»:

Այսօր հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը համաձայնության է եկել Интер РАО-ի հետ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» գնելու շուրջ: «Ազատության» հետ զրույցում Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերության մամլո ծառայության ղեկավար Զառա Աճեմյանը նշեց․ - «Տաշիր»-ը չի գնել ՀԷՑ-ը»:

XS
SM
MD
LG