Մատչելիության հղումներ

Լրտեսական սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, արխիվ

Պաշտոնական Փարիզը բացատրություններ է պահանջում ԱՄՆ-ից՝ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներին լրտեսելու բացահայտված լուրերի կապակցությամբ:

Այսօր Ֆրանսուա Օլանդը անվտանգության ծառայությունների ղեկավարների արտակարգ հանդիպում է հրավիրել այն բանից հետո, երբ WikiLeaks-ի փաստաթղթերի հրապարակումը բացահայտեց, որ Վաշինգտոնը տարիներ շարունակ լրտեսել է նրան և Ֆրանսիայի նախկին երկու նախագահներին:

Անվտանգության ծառայությունների պատասխանատուներից բացի Օլանդը խորհրդակցության է հրավիրել նաև խորհրդարանի ղեկավարներին:

Կառավարության աղբյուրների փոխանցմամբ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը լրտեսական մեղադրանքների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հանդիպման է կանչել Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյն Հարթլիին: Ակնկալվում է, որ տեղական ժամանակով ժամը 18.00-ին, դեսպանը կհանդիպի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին:

Ֆրանսիայի կառավարության խոսնակ Ստեֆան լը Ֆոլը նախագահի հրավիրած խորհրդակցության սկսվելուց առաջ ասել է, թե «դա անընդունելի է դաշնակիցների միջև»: Նա հայտնել է, որ Ֆրանսիայի ազգային հետախուզական գործակալության համակարգող Դիդյե Լի Բրեթը մեկնելու է Վաշինգտոն՝ քննարկելու այդ հարցերը:

Պատգամավոր, նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարին ասել է, թե խնդրի կապակցությամբ Ֆրանսուա Օլանդը առաջիկա ժամերին հեռախոսազրույց կունենա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:

Ըստ գաղտնազերծված փաստաթղթերի, 2006-ից մինչև 2012 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Ֆրանսուա Օլանդի, Նիկոլա Սարկոզիի և Ժակ Շիրակի հեռախոսազրույցներն ու հետևել նրանց էլեկտրոնային հաղորդակցություններին:

Հրապարակված նյութերում նշված են շատ պաշտոնյաների ձեռքի հեռախոսների համարներ, այդ թվում՝ նախագահի համարը: Համառոտ ներկայացված է ֆրանսիացի պաշտոնյաների հեռախոսազրույցների բովանդակությունը, մասնավորապես՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, Հունաստանի պարտքերի, Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ու Գերմանիայի կառավարության միջև հարաբերությունների շուրջ:

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը՝ ընդհանուր առմամբ նշելով, որ ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսական գործունեություն են իրականացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը ապահովելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG