Մատչելիության հղումներ

"Вести"-ն` երևանյան իրադարձությունների նենգափոխման առաջատար


"Вести"-ն` երևանյան իրադարձությունների նենգափոխման առաջատար
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Ռուսաստանյան առաջատար հեռուստաընկերությունները շարունակում են ակտիվորեն հետևել Երևանում ծավալվող իրադարձություններին` կրկին փորձելով արհեստական զուգահեռներ անցկացնել Բաղրամյան պողոտայի և Կիևի Մայդանի միջև: Փաստերի նենգափոխման առումով առաջատարը Ռուսաստանի պետական "Россия" հեռուստաալիքն է, որը Երևան է գործուղել իր հայազգի աշխատակիցներից մեկին` Վիտալի Հարությունյանին:

«Ոստիկանությունը ստիպված էր ջրցան մեքենաներ գործի դնել այն բանից հետո, երբ կատաղած ամբոխը հարձակվեց իրավապահների վրա: Ընդհանրապես, Հայաստանում ծավալված բողոքի գործողությունները ընդհանուր արմատներ ունեն Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած ժողովրդական ընդվզումների հետ: Մարդկանց այս կամ այն վայրում հավաքում են սոցիալական ցանցերի օգնությամբ: Ամբոխում սադրիչներ կան, որոնք մերժում են երկխոսության գնալու իշխանությունների բոլոր առաջարկները», - նշում է ռուսական ալիքի մեկնաբանը՝ հավելելով․ - «Բողոքի ակցիաներով այժմ զբաղվում է դատախազությունը: Ճշտվում են տեղեկությունները, որոնց համաձայն՝ ակցիաները հրահրվում են Հայաստանում գործող մի քանի տասնյակ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից: Դրանց մեծ մասը գոյատևում է ամերիկյան դրամաշնորհների հաշվին»:

Ի դեպ, "Вести"-ի լրագրողը որպես բողոքի ակցիաներում Արևմուտքի ներգրավվածության ապացույց նշում էր․ - «Հատկանշական է, որ բողոքի երթի ճանապարհին էին գտնվում եվրոպական մի շարք առանցքային պետությունների դեսպանատները»: «Եվրոպական առանցքային պետություններ» ասելով "Вести"-ի թղթակիցը, ըստ ամենայնի, նկատի ուներ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող Չինաստանի և Սիրիայի դեսպանատները:

Ռուսական "Рен ТВ" հեռուստաալիքի Երևանում գտնվող թղթակից Վիկտոր Սինեոկը հունիսի 23-ի երեկոյան եթերում իրադարձությունները ներկայացնում էր մոտավորապես նույն տեսանկյունից, ինչ "Вести"-ի իր գործընկերները. - «Նրանք ավելի ու ավելի են նմանվում Մայդանի ակտիվիստներին: Ոմանք դեմքերը դիմակներով են փակում, ոմանք էլ շրջում են ազգային դրոշների մեջ փաթաթված: Բայց նման համեմատությունը ցուցարարներին դուր չի գալիս` նրանք իրենց ուրույն, հայկական բողոքն ունեն»:

"Рен ТВ"-ի թղթակիցը պարբերաբար նաև ծաղրական ոճի է անցնում. - «Ամառային գիշերներն այստեղ իդեալական են բողոքի գործողությունների համար: Առնվազն 20 աստիճան, թեթև քամի` կարելի է հենց ասֆալտին քնել, որպեսզի առավոտյան Ֆեյսբուքը լցված լինի քաղաքացիական ակտիվ դիրքորոշման ֆոտոապացույցներով»:

Ռուսական Առաջին ալիքը` նախկին ОРТ-ն, այս պահին գոնե մոսկովյան ալիքներից միակն է, որ Երևանում աշխատող նկարահանող խումբ չունի և բավարարվում է կարճ հաղորդագրություններով:

Իսկ երեքշաբթի երեկոյան երևանյան ակցիաների մասին Ռուսաստանի տարածքում հեռարձակված թերևս ամենահավասարակշռված ռեպորտաժը «Գազպրոմ»-ին պատկանող НТВ-ի եթերում էր: Հեռուստաընկերության թղթակից Էլինա Ղազարյանը իր ռեպորտաժի զգալի մասը նվիրել էր բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցներին: НТВ-ի երեկոյան եթերում հեռարձակված այս ռեպորտաժում բավական մանրամասնորեն ցուցադրված են ոստիկանական բռնությունները, հարցազրույց կա նաև ծեծված ցուցարարներից մեկի հետ:

«Մարդիկ ասում են, որ փողոց դուրս կգան նորից ու նորից, մինչև իշխանությունները ականջալուր չլինեն», - նշում է հեռուստաընկերության թղթակիցը: Իսկ НТВ-ի զրուցակիցներից մեկը նկատում է․ - «Այս ժողովուրդն այլևս չի դիմանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG