Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ Խուլիգանություն արել են ոստիկանները


Հունիսի 23-ի վաղ առավոտյան տեղի ունեցածի առիթով խուլիգանության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանական կասկածյալներ, ձերբակալվածներ չկան:

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, հունիսի 23-ի վաղ առավոտյան տեղի ունեցածի առիթով խուլիգանության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանական կասկածյալներ, ձերբակալվածներ չկան:

Ոստիկանության փոխանցմամբ, երեկ առավոտյան Բաղրամյան փողոցից 237 մարդ էր բերման ենթարկվել: Քննչական կոմիտեն ոչ բոլորին է հարցաքննել:

Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության, քրեական գործը հարուցվել էր դեռ մինչև նստացույցը ցրելը՝ հունիսի 22-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքների գործողությունների հիման վրա:

Գործը հարուցել էր դատախազությունը և ուղարկել Քննչական կոմիտե՝ նախաքննությունն իրականացնելու:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով, ցուցարարները եղել են բացարձակապես խաղաղ, խուլիգանություն արել են ոստիկանները՝ լուսադեմին իրականացրած գործողությունների ընթացքում․ - «Նրանց միջոցառումը կարելի է նույնիսկ ինչ-որ իմաստով, թեկուզ ուղիղ իմաստով համարել գանդիական միջոցառում, որովհետև նրանք նստած են եղել, նույնիսկ դիմադրություն չեն ցուցաբերել այն ժամանակ, երբ իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել: Եվ եթե տեղի է ունեցել այդտեղ խուլիգանություն, ապա՝ իշխանությունների կողմից: Խուլիգանությունը գործել են համազգեստով և առանց համազգեստ ոստիկանները»:

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեն Գլխավոր դատախազությունից, երեկ լուսադեմին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրություններն այսօր առավոտյան ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան ընթացք տալու համար: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նյութերին կցվել է նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը:

Լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնության, ինչպես նաև մասնագիտական տեխնիկան կոտրելու, հիշողության կրիչները վերացնելու դեպքերով մինչև այս պահը քրեական գործ հարուցված չէ: Թերևս դատախազությունից ստացած նյութերը ուսումնասիրելուց հետ ՀՔԾ-ն պետք է գործ հարուցի կամ մերժի՝ ներկայացնելով հիմնավորումներ:

Ուժի գործադրմամբ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկված, ապա ազատ արձակված Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները քրեորեն չեն հետապնդվի․ - «Ծայրահեղ դեպքում կարող են հարուցել գործ, բայց հետո կարճեն այդ գործը և վերջ: Որովհետև ինձ համար պարզ է, որ կոնկրետ հրամանը եղել է ոստիկանությունից, իշխանությունից է եղել: Եվ անհնար է պատկերացնել, որ իշխանությունը պիտի պատժի այն մարդկանց, ովքեր այդ հրամանը կատարել են»:

Lragir.am կայքի թղթակից Թեհմինե Ենոքյանի հասցեին քաղաքացիական հագուստով ոստիկանի հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքները շատ արագ տարածվեցին համացանցում: Հնչեցնողի դեմքը տեսանյութում երևում է, հայհոյանքները՝ պարզորոշ լսվում: Ենոքյանի՝ լուսադեմի իրադարձությունները պատկերող մեկ այլ տեսանյութում քաղաքացիական հագուստով նույն տղամարդու թևին առկա է ոստիկանական տարբերանշան: Մինչ այս պահը լրագրողի հետ իրավապահները չեն կապվել: Թեհմինեն ոստիկանության դեմ արդեն երկու հայց ունի դատարանում: Երրորդն է մտմտում:

«Եթե չպաշտպանենք մեր իրավունքները, վաղն ավելի վատ է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ենոքյանը՝ շարունակելով․ - «Ես հետամուտ եմ լինելու մինչև վերջ՝ դատարանով իմ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: Ես չեմ պատրաստվում նստեմ-լռեմ, որովհետև իմ մնացած կոլեգաների հետ նույնը տեղի է ունեցել շատ ավելի դաժան ձևով»:

Հունիսի լույս 23-ի իրադարձությունները լրագրողը մի քանի խմբի է բաժանում․ ցուցարարների, լրագրողների նկատմամբ քաղաքացիական հագուստով և համազգեստով ոստիկանների բռնություններ, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, տեխնիկայի առգրավում և վնասում, անձնական վիրավորանքների և հայհոյանքների տարափ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով կառույցի ներքին անվտանգության վարչությունում երեկ սկսվել է ծառայողական քննություն․ ուսումնասիրում են, մասնավորապես, լրագրողների նկատմամբ կիրառված գործողությունները: Ահարոնյանը չբացառեց, որ ծառայողական քննության ընթացքում արդեն փոխհատուցվի տեխնիկայի մասով լրագրողների կրած վնասը:

Լևոն Բարսեղյանն ասում է՝ դրա փոխարեն կարող էին չհարձակվել լրագրողների ու ցուցարարների վրա․ ոստիկանական գործողության ընթացքում ջրնետ մեքենայից պոկված մետաղի կտորը վնասել էր լրագրողի ոտքը․ - «Եթե պարզապես տեխնիկայի փոխհատուցումն է, կարող է պատահի ինչ-որ մի բան անեն: Բայց այն միջոցները, այն ձայնագրող հիշողության քարտերը և մանավանդ ձայնագրությունները ինչպե՞ս են վերականգնելու կամ դրա դիմաց ի՞նչ փոխհատուցում են տալու, որ պատշաճ համարվի: Իսկ ծեծվածների, ջարդվածների, վիրավորվածների փոխհատուցո՞ւմը ինչ է լինելու, ինչպե՞ս է լինելու: Սա շատ ջրալի պատմություն է: Այսինքն շատ լուրջ վերաբերվել իշխանության այդ հայտարարություններին չի կարելի»:

XS
SM
MD
LG