Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան․ «Քըրք Քըրքորյանը մարմնավորում է այն Հայաստանը, որը մեզնից գողացան»


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հիշատակին նվիրված արարողություններին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Սերժ Սարգսյանը մասնակցել է մեծ բարերարի հիշատակին նվիրված նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Նախագահը իր խոսքում, մասնավորապես, ասել է․ - «Քըրք Քըրքորյանը վախճանվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում, երբ աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում էր այդ ոճրին զոհ գնացած մեր անմեղ նահատակների հիշատակը: Հայտնի է, որ պատմությունը «եթե»-ներ չի ընդունում: Բայց գուցե Քըրք Քըրքորյանը իսկապե՞ս կարող էր դառնալ մեկ այլ՝ ուրիշ Հայաստանի գործարար, կյանքն առաջ մղող մեկը, կամ Հայաստանի բռնցքամարտի չեմպիոն, կամ, ասենք, հայկական օդուժի հերոս օդաչու: Կամ էլ լիներ սովորական կյանքով ապրող, արժանապատվորեն իր ընտանիքի հացը վաստակող աշխատավոր այդ մեկ այլ՝ ուրի՛շ Հայաստանում: Այս հարցադրման պատասխանը մեզ այսօր ոչ ոք չի կարող տալ: Սակայն Քըրք Քըրքորյանը սփյուռքում ոչ իրենց կամքով ապրող հայ ժողովրդի բազմաթիվ դուստրերի և որդիների պես ցույց է տալիս այն Հայաստանը, որը կարող էր լինել: Նա մարմնավորում է այն Հայաստանը, որը մեզնից գողացան՝ նպատակ դնելով իսպառ ջնջել հայի անունը աշխարհի երեսից»:

«Քըրք Քըրքորյանի հիշատակը ոգեկոչելով՝ արժանին պետք է մատուցենք նաև Ամերիկային ու նրա ժողովրդին: Հենց այնտեղ էր, որ բացահայտվեց գործարարի նրա տաղանդը, և հնարավորություն ստեղծվեց, որ նա ծավալի իր բազմաբնույթ գործունեությունը: Եվ նրա օրինակը եզակի չէ. հարյուր հազարավոր հայերի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ նոր հայրենիք, որը նրանց տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրելու և կյանքը նորովի ստեղծելու հնարավորություն», - ասել է Սերժ Սարգսյանը:

«1988 թվականի ավերիչ երկրաշարժից ի վեր Քրքորյանը կանգնեց օգնության կարիք զգացող Հայաստան երկրի կողքին՝ սատարելով իր քույրերին ու եղբայրներին: Նա այնքան համեստ էր, որ երբեք թույլ չտվեց, որ իր անունով որևէ անվանակոչություն անել Հայաստանում կամ մեկ այլ վայրում», - նշել է նախագահը:

«Մարդն ապրում է այնքան ժամանակ, որքան ժամանակ հիշում և խոսում են նրա մասին: Մենք մեր հերոսին՝ Քըրք Քըրքորյանին, չենք մոռանալու: Մենք հիշելու ենք, որ նրա շնորհիվ Հայաստանում կառուցվեցին ու նորոգվեցին բազմաթիվ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, մշակութային օջախներ, և նոր զարկ տրվեց Հայաստանի տնտեսությանը: Մենք երախտապարտ ենք ամերիկահայ մեր մեծ հայրենակցին Հայաստանի կյանքում իր ունեցած լուրջ ավանդի համար, և մենք երբեք դա չենք մոռանա: Քըրք Քըրքորյանի հիշատակը միշտ վառ կմնա մայր Հայաստանում», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով․ - «Այն վառ է լինելու, որպեսզի կրկին ու կրկին իրականություն դառնա մեկ այլ մեծ ամերիկահայի խոսքը. - «Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց և իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ չպիտի հառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով»։

«Անցած հարյուր տարում հայն ու հայը հանդիպեցին և սկսեցին կերտել նոր Հայաստանը: Հանդիպեցին Քըրք Քըրքորյանը և նոր Հայաստանը. խոսեցին իրար հետ և ծաղրեցին դահիճների ստոր գաղափարները: Բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում քեզ՝ Քըրք Քըրքորյան: Հանգչի՛ր խաղաղությամբ», - ասել է Հայաստանի նախագահը:

Այնուհետև Մայր տաճարում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քըրք Քըրքորյանի հոգու խաղաղության համար Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարված հոգեհանգստյան արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG