Մատչելիության հղումներ

logo-print

Ռեջեփ Էրդողանի և Մեհմեթ Աքսոյի միջև վիճաբանությունը շարունակվում է


Քանդակագործ Մեհմեթ Աքսոյ, արխիվ

Քանդակագործ Մեհմեթ Աքսոյ, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և քանդակագործ Մեհմեթ Աքսոյի միջև վիճաբանությունը, փոխադարձ մեղադրանքները շարունակվում են ավելի քան չորս տարի։ Էրդողանի փաստաբանների պնդմամբ՝ քանդակագործին չորս տարվա ազատազրկում է սպառնում նախագահին վիրավորելու համար։

Ամեն ինչ սկսվեց 2011 թվականին, երբ նախորդ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Էրդողանը ժամանել էր Կարս։ Այն ժամանակ Էրդողանը վարչապետ էր, և նա քննադատեց Կարսի բլրի վրա կառուցված արձանախումբը, որը ընկալվում էր նաև որպես Թուրքիայի և Հայաստանի միջև խաղաղությունը խթանող արձան։

Էրդողանը անճոռնի համարեց Մեհմեթ Աքսոյի ստեղծագործությունը և կարգադրեց ապամոնտաժել այն։ Բայց արձանը որոշ ժամանակ չէր քանդվում, քանի որ դատական հայց կար. Էրզրումի դատարանի վճռով ժամանակավորապես կասեցվել էր արձանը ապամոնտաժելու՝ Կարսի քաղաքապետարանի որոշումը։ Ի վերջո արձանը քանդվեց։ Քանդակագործը նորից էր դիմել դատարան. Մեհմեթ Աքսոյի փաստաբանն այս տարի դատարանում հիմնավորել էր, որ Էրդողանի արտահայտությունը, թե քանդակագործի ստեղծագործությունը անճոռնի է, դա ոչ թե քննադատություն է, այլ՝ վիրավորանք։

Այս տարվա մարտի սկզբին Ստամբուլի դատարանը պարտավորեցրեց Էրդողանին 10 հազար լիրա վճարել քանդակագործին՝ դա մոտավորապես 2 հազար 500 դոլար է։

Շահելով դատը՝ Մեհմեթ Աքսոյն ասել էր, թե այդ գումարը ծախսելու է ընկերների հետ՝ մարտի 21-ին Նովրուզի տոնակատարություն են անելու։ «Այդ հարամ փողերն ուրիշ կերպ ծախսել չի լինի», - ասել էր քանդակագործը։

Հիմա էլ Էրդողանն է վիրավորվել «հարամ» բառից։ Hurriet Daily News-ի փոխանցմամբ՝ Էրդողանի փաստաբանների ներկայացրած հայցի հիման վրա Ստամբուլի դատախազությունը երկու էջանոց մեղադրանք է առաջադրել քանդակագործի դեմ։ Դատախազությունը պնդում է, որ «հարամ փողեր» ասելով՝ քանդակագործը նկատի ունի, որ նախագահը գումարներ է վաստակում անօրինական ճանապարհով։

Մեղադրանքը դատարանի կողմից հաստատվելու դեպքում քանդակագործին չորս տարվա ազատազրկում է սպառնում։

XS
SM
MD
LG