Մատչելիության հղումներ

Դատախազություն. Լրատվամիջոցների կայքէջերից քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ


Ոստիկանները ջրցան մեքենաներով ցրում են նստացույցը, 23-ը հունիսի, 2015թ.

Ոստիկանները ջրցան մեքենաներով ցրում են նստացույցը, 23-ը հունիսի, 2015թ.

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և հարուցված քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ, հաղորդում է Դատախազությունը։

«2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը` սկսած ժամը 19.30-ից տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ Դատախազության, նկատի ունենալով, որ նկարագրվածի պայմաններում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը և հիմքը` Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` խուլիգանության հանցակազմի հատկանիշների առերևույթ առկայության մասին բավարար տվյալներ, ուստի հունիսի 22-ին Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննություն կատարելու համար:

«Դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ: Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ` բաղկացած 20 քննիչներից: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից Քննչական կոմիտեի քննիչների կողմից հարցաքննվել է շուրջ 40 անձ, մի շարք անձանց հարցաքննություններ ընթացքի մեջ են: Նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական և քրեագիտական փորձաքննություններ: Կատարվել է հարցում Երևանի քաղաքապետարան, օպերատիվ հանձնարարականներ են տրվել ոստիկանության բաժիններին և Երևան քաղաքի վարչությանը», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի վարույթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG