Մատչելիության հղումներ

Գիշերը Բաղրամյան պողոտայում անցավ առանց բռնությունների


Երևան, Բաղրամյան պողոտա, 23-ը հունիսի, 2015թ․
Երևան, Բաղրամյան պողոտա, 23-ը հունիսի, 2015թ․

Ցուցարարները պողոտայից հեռանալ չեն պատրաստվում, ոստիկաններն էլ դեռ որևէ կոչով նրանց չեն դիմել։

Արդեն երկրորդ օրն է ցուցարարները լուսացնում են Բաղրամյան պողոտայում, սակայն ի տարբերություն երեկվա, առավոտն այսօր առանց բռնությունների էր։

Ցուցարարները պողոտայից հեռանալ չեն պատրաստվում։ Նրանք գիշերն ամրացրել են աղբամաններով կառուցված բարիկադները, տեղադրել են բարձրախոսներ։

Գիշերը ցուցարարների հետ Բաղրամյան պողոտայում են անցկացրել նաև որոշ քաղաքական գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, հոգևորականներ։ Նրանք պատ էին կազմել ցուցարարների և ոստիկանների միջև, ինչպես իրենք են նշում` նախ` ոստիկանների կողմից ուժի կիրառում թույլ չտալու, իսկ հակառակ դեպքում՝ առաջին հարվածն իրենց վրա կրելու համար։

«Մենք կենդանի պատ ենք կազմում, և այդ կենդանի պատը պետք է մնա այստեղ ամբողջ գիշեր և այնքան ժամանակ, քանի դեռ կա բռնության վտանգ», - հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ գիշերը ցուցարարներին միացավ նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, վերջինիս ներկայությունը բողոքի ալիք բարձրացրեց ցուցարարների շրջանում. նրանք պահանջեցին Աշտոյանից հեռանալ Բաղրամյան պողոտայից։

Ի պատասխան ցուցարարների, Աշոտյանն ասաց. - «Իրենց համար եմ եկել»։

Մինչ այս պահը ոստիկանները դեռ որևէ կոչով չեն դիմել ցուցարարներին։ Նրանք պատ կազմած կանգնած են ցուցարարների կառուցած բարիկադների մոտ, նրանց հետևում փշալարեր են և ջրցան մեքենաներ։

Նոր բերման ենթարկվածներ չկան, երեքշաբթի առավոտյան բոլոր բերման ենթարկվածներն արդեն օրվա ավարտին ազատության մեջ էին։

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին պատրաստակամություն հայտնեց հանդիպել ցուցարարների հինգ հոգանոց խմբի հետ, սակայն այս առաջարկը մերժվեց, նրանք պահանջեցին, որ նախագահը չեղարկի հոսանքի թանկացման որոշումը։

Պողոտայի սկզբնամասը փակ է տրանսպորտի և հետիոտների համար, երթևեկության համար գործում է շրջանցիկ ճանապարհ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG