Մատչելիության հղումներ

«ԵՏՄ-ի հետ սերտ հարաբերություններ հաստատած բոլոր երկրներում հիմնարար ազատությունների դեմ ոտնձգություններ են կատարվում»


Երևան, Բաղրամյան պողոտա, 23-ը հունիսի, 2015թ․

Երևան, Բաղրամյան պողոտա, 23-ը հունիսի, 2015թ․

«Մենք ցնցված ենք լրագրողների դեմ իրականացված բռնության աստիճանով, որն աննախադեպ է Հայաստանի համար 2008 թվականից ի վեր», - ասել է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրը՝ անդրադառնալով երեկ առավոտյան Երևանում ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին։

Նրա խոսքով, Հայաստանում ազատ խոսքի հետ կապված իրավիճակը հատկապես վատթարացել է վերջին ամիսներին՝ ակամա գայթակղություն առաջացնելով տեղի ունեցած աննախադեպ բռնությունը կապել Հայաստանի՝ Եվրասիական միություն մուտք գործելու հետ։ «Ու թեև այս պահին դրա ստույգ ապացույցները չկան, սակայն Եվրասիական միության հետ սերտ հարաբերություններ հաստատած բոլոր երկրներում հիմնարար ազատությունների դեմ ոտնձգություններ են կատարվում», - ասաց Բիրը։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ գիշեր ոստիկանությունը փորձել է մեկուսացնել լրագրողներին, որից հետո նախատեսում էր ցրել ցուցարարներին։

«Մեր հաշվարկներով, 11 լրագրող բերման են ենթարկել, 8 լրագրող ենթարկվել է հարձակման», - ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով, սակայն, վերջին տասը տարիների ընթացքում ոստիկանների և լրագրողների հարաբերություններն անհամեմատ բարելավվել էին, և տեղի ունեցածը, ըստ Վարդանյանի, հնարավոր է՝ եզակի ընդհարում էր:

Լրագրող, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի փոխանցմամբ՝ տեսաձայնագրող սարքավորումներով հագեցված դարում հնարավոր չէ լրագրողների տեսախցիկները մեկուսացնելով որևէ բան թաքցնել: Չտեսնելով անմիջական կապ Եվրասիական միություն երկրի մուտք գործելու և Հայաստանի իրավապահների կողմից կիրառված բռնություն կիրառելու միջև, Խառատյանը նշում է, որ անուղղակի կապ, այնուամենայնիվ, գոյություն ունի։

«Կարծես թե չգրված օրենք է դարձել այն, որ Եվրասիական միության տարածքում բողոքի հանրահավաքներ պետք է տեղի չունենան», - ասաց Խառատյանը:

Անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, ամերիկյան The Washington Post օրաթերթը հիշեցնում է, որ ռուսական ընկերությունները վերահսկում են Հայաստանի տնտեսական կարևոր մի շարք ակտիվներ, այդ թվում՝ երկրի էլեկտրացանցը, որի գների բարձրացման պատճառով էլ Հայաստանում սկսվել են բողոքի ցույցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG