Մատչելիության հղումներ

Ոստիկանները ծեծի են ենթարկել բողոքի ցույցը լուսաբանող «Ազատության» լրագրողներին


Ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրում է խաղաղ բողոքի ակցիան

Ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրում է խաղաղ բողոքի ակցիան

Հունիսի 23-ի առավոտյան Երևանում հարձակման են ենթարկվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երկու թղթակիցներ, որոնք լուսաբանում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների և ոստիկանների միջև առճակատումը:

Ոստիկանությունը բռնություն է կիրառել տեղում աշխատող մոտ մեկ տասնյակ լրագրողների, այդ թվում՝ «Ազատության» նկարահանող խմբի մի քանի անդամների նկատմամբ, իրավապահները կոտրել են «Ազատության»՝ դեպքի վայրից ուղիղ հեռարձակում ապահովող սարքը, վնասվել են այլ սարքավորումներ ևս, հիշողության քարտերն առգրավվել են:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեյչը քննադատել է ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնի ուժի գործադրումը:

«Մեր գործընկերները իրենց գործն էին անում՝ հաղորդելով ի շահ Հայաստանի հասարակության: Մենք դատապարտում ենք այդօրինակ խոչընդոտները», - ասել է նա:

«Սա բիրտ և անընդունելի հարձակում էր, որը չի տեղավորվում ոստիկանության վարքագծի ընդունելի սահմաններում», - հավելել է հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը՝ ընդգծելով․- «Ոստիկանությունը խոչընդոտել է մեր թղթակիցների մասնագիտական պարտականությունների իրականացումը»։

Ցուցարարները հավաքվել էին նախագահական նստավայրի մատույցներում՝ դժգոհելով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 16 տոկոսով բարձրացնելու որոշման դեմ: Զգուշացնելով հավաքված մոտ հինգ հազար ցուցարարներին, թե ակցիան ապօրինի է՝ ոստիկանությունը սկսեց ցրել այն: Ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ 237 մարդ է բերման ենթարկվել, 7 ցուցարար և 1 ոստիկան էլ վնասվածքներ է ստացել բախումների արդյունքում, երեք ցուցարար տեղափոխվել է հիվանդանոց:

«Ազատության» թղթակիցները տեղում հետևել են իրադարձությունների զարգացմանը՝ ենթարկվելով քաշքշուկի ու հետապնդումների, մի քանիսը վնասվածք են ստացել ծեծկռտուքի ժամանակ:

«Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի խոսքով, ծառայության ուղիղ հեռարձակումը ավելի քան 280 հազար դիտում է ունեցել այդ օրը, մինչ այն պահը, երբ ոստիկանությունը կոտրել է լրագրողների սարքավորումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG