Մատչելիության հղումներ

Ռուսական լրատվամիջոցները՝ հայաստանյան իրադարձությունների մասին


Ոստիկանները ցրում են բողոքի ակցիան, Երևան, 23-ը հունիսի, 2015թ․

Ոստիկանները ցրում են բողոքի ակցիան, Երևան, 23-ը հունիսի, 2015թ․

Ռուսաստանյան հեռուստաընկերությունները չեն կարողանում զերծ մնալ խնդիրը հայ - ռուսական հարաբերությունների տիրույթ տեղափոխելու գայթակղությունից:

«Հայկական մայդան», «Սակագնային ապստամբություն», «Էլեկտրական մայդան»` ռուսական առաջատար հեռուստաընկերությունները երեկվանից հենց այսպիսի ձևակերպումներով են ներկայացնում երևանյան բողոքի ակցիաները` փորձելով արհեստական զուգահեռներ անցկացնել Կիևում 2013-14 թվականների ձմռանը տեղի ունեցած իրադարձությունների և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Հայաստանում ծավալված պայքարի միջև:

«Այսօր առավոտյան Երևանի գլխավոր պողոտայում քիչ էր մնում կրկնվեր կիևյան Մայդանի պատմությունը: Ոստիկանները ցրեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող 5 հազար ցուցարարներին: Իշխանությունները փորձում են հասկանալ` ով էր վճարել այս նոր հեղափոխության փորձի համար», - նշում էր մոսկովյան "Рен ТВ" հեռուստաալիքի մեկնաբանը:

Նույն ալիքի Երևան գործուղված թղթակիցը իր ռեպորտաժում նշում էր․ - «Պարզ չէ, թե ով առաջինը արտաբերեց «Հայկական մայդան» բառակապակցությունը, սակայն երևանյան և ուկրաինական իրադարձությունների նմանությունը չնկատել հնարավոր չէ»:

Պետական "Россия 1" ալիքի լրատվական "Вести" ծրագրի լրագրողներն ավելի հեռուն գնացին` ոչ միայն իրադարձությունները բացառապես ոստիկանական տեսանկյունից ներկայացնելով, այլև բախումների ողջ մեղքը բարդելով ցուցարար երիտասարդների վրա:

«Ակցիայի մասնակիցները զինվեցին դանակներով, կաստետներով, մահակներով և մետաղյա ձողերով», - պատմում էր "Вести"-ի հաղորդավարուհին:

Ռուսաստանյան Առաջին ալիքն էլ իր լրատվական թողարկումներում պնդում էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բողոքի ակցիայի մասնակիցների համար զուտ պատրվակ էր:

«Չարտոնված հանրահավաքի ֆորմալ պատճառը օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին կառավարության կայացրած որոշումն էր: Այս փաստից օգտվեց ընդդիմությունը, որը Երևանում մի քանի նստացույց կազմակերպեց», - հաղորդում էր ռուսական Առաջին ալիքը:

Ազատականի համբավ ունեցող՝ ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովին պատկանող РБК ալիքը թեև բողոքի ակցիայի նախապատմությունը բավական ճշգրիտ էր ներկայացնում, այնուհանդերձ նույնպես չկարողացավ զերծ մնալ խնդիրը հայ - ռուսական հարաբերությունների տիրույթ տեղափոխելու գայթակղությունից:

«Բաղրամյան պողոտայում նաև հակառուսական կարգախոսներ կային: Տեղական էներգետիկ մոնոպոլիստը` «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ընկերությունը պատկանում է ռուսաստանյան "Интер-РАО ЕЭС" ընկերությանը», - հաղորդում էր РБК-ն:

Ռուսաստանցի որոշ վերլուծաբանների կարծիքով, սակայն, ուկրաինական Մայդանի և հայաստանյան իրադարձությունների միջև անցկացվող զուգահեռները կարող են դաժան հարվածել հենց Ռուսաստանի շահերին:

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Politcom.ru կայքում գրում է․ - «Շատ կարևոր է, որպեսզի Մոսկվան Մայդանի ուրվականներ չփնտրի այնտեղ, որտեղ դրանց գտնելը շատ դժվար է: Փոխարենը, պետք է փորձել համագործակցել Հայաստանում առկա քաղաքական ողջ ներկապնակի հետ: Սակագներից դժգոհությունը դեռ չի վերածվել Մոսկվայից դժգոհության: Բայց որոշ պայմաններում դա կարող է տեղի ունենալ, հատկապես եթե ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու դիվանագետները սխալ հետևություններ անեն և փոխկապակցեն ընդդիմության ակտիվությունը Պետդեպում նյութած դավերի հետ, իսկ գործող հայաստանյան իշխանությունների աջակցությունը վերածեն բացարձակ արժեքի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG