Մատչելիության հղումներ

Որդեկորույս մայրերի դեմ բռնության գործով նախաքննությունը շարունակվում է


Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների և ակտիվիստների ցույցը նախագահականի դիմաց, արխիվ

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների և ակտիվիստների ցույցը նախագահականի դիմաց, արխիվ

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերին նախագահական նստավայրի առջև բռնության ենթարկելու փաստով քրեական գործի հարուցումից մեկ ամիս է անցել, սակայն դեռևս որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրելու մասին չի հաղորդվում։

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերին նախագահական նստավայրի առջև բռնության ենթարկելու փաստով քրեական գործի հարուցումից մեկ ամիս է անցել, սակայն դեռևս որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրելու մասին չի հաղորդվում։

Հատուկ քննչական ծառայությունը «Ազատության» հարցմանն ի պատասխան միայն փոխանցում է, թե նախաքննությունը շարունակվում է:

Բազմաթիվ տեսանյութերում երևում է, թե ինչպես են որդեկորույս մայրերի նկատմամբ բռնություն գործադրում նախագահականի առջև ծառայություն իրականացնող ոստիկանները, սակայն վերջիններս քրեական գործով կարգավիճակ չունեն՝ ո՛չ մեղադրյալ են, ո՛չ կասկածյալ, ո՛չ էլ վկա։

«Քննչական ծառայությունը զբաղված է ոստիկանների և նրանց վերադասների դեմքը փրկելով, հարուցված քրեական գործը ձևական է», - պնդում է բռնության ենթարկված մայրերից Իրինա Ղազարյանը, ում կասկածներն է՛լ ավելի է խորացրել օրեր առաջ քննչական ծառայությունում անցկացված հարցաքննությունը․ - «Օրինակ՝ անձամբ ինձ ասել է՝ դուք ոստիկանների դեմ ի՞նչ ունեք, ոստիկանների հանդեպ դուք թարախով լցվա՞ծ եք»:

Երեկ Բաղրամյան պողոտայում խաղաղ նստացույցը ցրած ոստիկանների գործողությունները Իրինա Ղազարյանին չեն զարմացնում:

«Իրավապահները գործի կդնեն բոլոր ջանքերը՝ պատժելու ու հանցագործի պիտակ կպցնելու սոցիալական արդարության համար պայքարի դուրս ելած երիտասարդներին։ Մինչդեռ իրական հանցագործները, ովքեր տեսագրիչների առջև ձեռք են բարձրացնում կանանց վրա, կմնան անպատիժ», - ասում է որդեկորույս մայրը, ով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում պատահաբար հանդիպել է երեկվա դեպքերից տուժած երիտասարդների:

«Իրենք ուզեն՝ անմեղին կսարքեն հանցագործ, հանցագործին՝ սուրբ», - ասում է նա:

Ոստիկանների բռնությունից տուժած Իրինա Ղազարյանն ու Նանա Մուրադյանը օրեր առաջ հարցաքննության ժամանակ պնդել են, որ բողոքը հետ չեն վերցնում, և պահանջել են առերեսում կազմակերպել իրենց վրա ձեռք բարձրացրած ոստիկանների հետ։

Նրանց շահերի պաշտպան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը պնդում է՝ տեսագրությունները բավարար էին, որ Քննչական ծառայությունը պարզեր՝ ոստիկանների գործողությունները իրավաչա՞փ էին, թե՞ ոչ։ Իսկ մեկ ամիս ձգձգելը նպատակ ունի մշակել այնպիսի ձևակերպումներ, որոնք կփրկեն ոստիկանությանը պատասխանատվությունից։

«Ոստիկանությունը երեկ կրկին ապացուցեց, որ գործում է ոչ թե հանուն մարդու իրավունքների, այլ հանուն իշխանության շահի», - ասում է իրավապաշտպանը:

Որդեկորույս մայրերը պնդում են, որ չնայած խոչընդոտներին, շարունակելու են հավաքվել նախագահական նստավայրի առջև՝ արդարադատություն պահանջելով: Անցած շաբաթ նրանք նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին ու Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանին՝ առաջարկելով իրենց զոհված որդիների քրեական գործերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ձևավորել:

XS
SM
MD
LG