Մատչելիության հղումներ

Ոստիկանական օպերացիայի ընթացքում մոտ մեկ տասնյակ լրագրողներ են հարձակման ենթարկվել


Ոստիկանական օպերացիայի ընթացքում մոտ մեկ տասնյակ լրագրողներ են հարձակման ենթարկվել
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ լրագրողների նկատմամբ բռնությունների և նրանց գույքի ոչնչացման փաստով քրեական գործ չի հարուցվել։

Այսօր լուսաբացին սկսված ոստիկանական օպերացիայի ընթացքում հարձակման ենթարկվեցին մոտ մեկ տասնյակ լրագրողներ, ինչն աննախադեպ ցուցանիշ է՝ 2004 թվականի ապրիլյան բռնություններից ի վեր: Ցուցարարներին Բաղրամյան պողոտայից մեկուսացնելու ժամանակ ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանին։

«Երբ որ տեղի ունեցան այն գործողությունները, որոնց մասին հայտարարել էր ոստիկանությունը, տուժեցի նաև ես: Ինձ բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք, որտեղ մնացել եմ 40 րոպե: Բաղրամյան պողոտայում է եղել, ես չեմ հասել Ազատության հրապարակ: Անցել եմ բուժզննում, որևիցե լուրջ բան չկա: Փոքրիկ կապտուկներ են», - «Ազատության»-ը պատմեց լրագրողը:

Ծեծի են ենթարկվել նաև 1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը։

Ֆիզիկական բռնությունից բացի, քաղաքացիական հագուստով անձինք խլում էին նաև լրագրողների տեսանկարահանող սարքերն ու ջարդուփշուր անում՝ չմոռանալով առգրավել հիշողության քարտերը։

«Ֆոտոլուր»-ի լրագրող Հայկ Բադալյանը պատմում է՝ իր դեպքում թիրախն առաջին հերթին տեսանկարահանող սարքի հիշողության քարտն էր․ - «Մինչև չիպը չվերացրեցին, բաց չթողեցին»:

Այսօր բերման են ենթարկվել նաև «Հետք»-ի լրագրողներ Անի Հովհաննիսյանը, Հրանտ Գալստյանը, «Հայկական ժամանակ»-ի թղթակից Մկրտիչ Կարապետյանը: Իրավապահները նաև կոտրել են վերջինիս տեսախցիկը։

«Բերման ենթարկեցին Բաղրամյան պողոտայից: Չնայած անընդհատ ասում էինք, որ լրագրող ենք, ի վերջո, 50 րոպե պահելուց հետո բաց թողեցին», - ասաց Կարապետյանը:

Ոստիկանական գործողությունները համակարգում էր փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ով հայհոյանքներ հնչեցրեց նաև «Ազատության» ռադիոկայանի լրագրողների հասցեին, մինչ նրա ենթակաները ծեծի էին ենթարկում «Ազատության» օպերատոր Գարիկ Ազիբեկյանին, հրմշտում լրագրող Արթուր Պապյանին։ Հարձակման արդյունքում կոտրվեցին տեսանկարահանող սարքեր, հեռախոսներ, առգրավեցին հիշողության քարտեր։

«Ազատության» օպերատոր Գարիկ Հարությունյանն էլ բերման ենթարկվեց։

Ոստիկանությունը պնդում է՝ լրագրողները հետևողականորեն անտեսել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորությունը և ոստիկանության օրինական կոչերն ու հորդորները, ըստ էության՝ դառնալով հավաքի մասնակիցներ:

«Հրապարակային միջոցառումների ընթացքում լրագրողները պարտավոր են կրել և ներկայացնել տարբերակիչ նշաններ», - հայտարարում է ոստիկանությունը։ Լրագրողները, մինչդեռ, հավաստիացնում են, որ անգամ լրագրողական վկայականները չեն կասեցրել բռնությունները։

«Եկան կարմիրբերետավորներ, թևերս ոլորեցին՝ տեսնելով, որ բեյջ կա, ցույց էլ տվեցի, ասեցի, որ լրագրող եմ», - հակադարձեց Հայկ Բադալյանը:

Քիչ առաջ Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ լրագրողների նկատմամբ բռնությունների և նրանց գույքի ոչնչացման փաստով քրեական գործ չի հարուցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG