Մատչելիության հղումներ

Չինական ընկերությունը ցանկանում է մասնակցել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցմանը


Երկաթուղային կայարան Հայաստանում, արխիվ
Երկաթուղային կայարան Հայաստանում, արխիվ

Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրի նկատմամբ Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպության (CCECC) հետաքրքրությունը և դրան մասնակից դառնալու ցանկությունն է վերահաստատել կազմակերպության խորհրդի նախագահ Վու Վանլիանգը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում չինական կողմը ներկայացրել է ծրագրի ֆինանսավորման հնարավոր մի քանի մեխանիզմներ, քննարկվել են երկաթուղու կառուցման վերաբերյալ մի շարք այլ հարցեր, ծրագրի իրականացման առանձնահատկությունները:

Երկուստեք ընդգծվել է երկաթուղու կառուցման կարևորությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար:

Հաղորդագրությունում նշված է, որ Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպությունը արագ զարգացող ընկերություն է, վերջին երեք տարիներին հաջողությամբ կնքել է ծավալուն նախագծերի այնպիսի պայմանագրեր, ինչպիսին են` Նիգերիայի երկաթուղու արդիականացման նախագիծը՝ 850 միլիոն դոլար պայմանագրային արժեքով, Եթովպիայի Միեսո-Դավանլե-Ջիբուտի նավահանգստային երկաթուղու նախագիծը` 1.98 միլիարդ դոլար արժեքով, և Չադի երկաթուղու ցանցի նախագիծը` 5.631 միլիարդ դոլար արժեքով: CCECC-ի բիզնես գործունեությունը սփռված է Ասիայի 60 երկրներում, Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Օվկիանիայում, ավելի քան 40 երկրներում ունի գրասենյակներ կամ մասնաճյուղեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG