Մատչելիության հղումներ

logo-print

Բուժօգնություն ստացած ցուցարարներից շատերը «իրենց ցանկությամբ դուրս են գրվել»


Իրավապահների գործողություններից տուժած ցուցարարներից շատերին այսօր վաղ առավոտյան տեղափոխել էին մայրաքաղաքի հիվանդանոցներ։

Ըստ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության, շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացած Միշել Բոյաջյանը պատմում է, որ ջրնետ մեքենան իրեն մի կողմ է շպրտել, ոստիկանները հարվածել են գլխին ու մեջքին, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները պատշաճ օգնություն ցույց չեն տվել․ - «Ասում եմ՝ չեմ կարողանում քայլել, մեջքիս հարված եմ ստացել, ասում ա՝ սուտ ես ասում, ձև ես տալիս, մի հատ արագի մեջ սրսկեք կամ չգիտեմ ինչ․․․ Նենց էր վարվում, ոնց որ անասնաբույժը իրա կենդաների հետ չի վարվի»։

Միշելը պատմում է, որ ավելի լուրջ վնասվածքներ ունի իր մայրը. նա դուստրերից ավելի ուշ է ստացել բուժօգնություն, քանի որ հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության բաժանմունքից․ - «Քույրիկիս ականջն ա լրիվ փակվել, որովհետև սաղ ջուր ա լցվել, ու մամայիս վիզը շատ ուժեղ սալջարդ ա ստացել։ Մամային էդքան հարվածելուց հետո, մի հատ էլ մեքենայի մեջ են հարվածել: Հետո գնացել ա, ընդեղ վատացել ա մամաս: Որ զանգեցի ասեցի՝ հիվանդանոցում եմ, վատացավ: Չէին թողում գար, մարդու իրավունքների պաշտպանությունից եկել են էստեղ, լացում էի, չէի դիմանում, ասում էի՝ գնացեք մամայիս հանեք, որովհետև շատ վատ ա վիճակը»:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանն ասաց, որ իրենց դիմած ցուցարարների մոտ կոտրվածքներ չկան, միայն սալջարդեր են ու քերծվածքներ:

Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում օգնություն է ստացել 10 ցուցարար: Ժամը 15-ի դրությամբ 5 ցուցարարներ իրենց ցանկությամբ դուրս են գրվել։

Միշելը նշում է, որ թեև վերջիններն ապաքինված չէին, սակայն նախընտրել են գնալ ու գտնել հարազատներին ու ընկերներին, քանի որ բոլորի բջջային հեռախոսները կոտրված են, նրանց հետ կապ հաստատելն անհնար է։

Միշելը նույնպես հիվանդանոցում երկար մնալ չի պատրաստվում․ - «Սպասում եմ կատետրը թևիցս հանեն, գնամ Կենտրոն ոստիկանություն՝ ընկերներիս հետևից»։

Ոստիկանությունը պնդում է, որ գործողության ընթացքում վնասվածքներ են ստացել նաև տասնմեկ իրավապահներ:

XS
SM
MD
LG