Մատչելիության հղումներ

Միջազգային լրատվամիջոցները` երևանյան իրադարձությունների մասին


Ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրում է ցուցարարներին, Երևան, 23-ը հունիսի, 2015թ․

Ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրում է ցուցարարներին, Երևան, 23-ը հունիսի, 2015թ․

Associated Press լրատվական գործակալության գնահատմամբ՝ բողոքի ակցիայի մասշտաբները և ակցիան ցրելը վերջին տարիներին Հայաստանում արձանագրված ամենալուրջ անհանգստությունն է, որը հավելյալ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի ռազմակայանը հյուրընկալող, Մոսկվայի գլխավորած տնտեսական դաշինքի անդամ նախկին խորհրդային աղքատ երկրի քաղաքական կայունության հարցում:

Associated Press-ը, որի հաղորդագրությունը տարածել է նաև Yahoo կայքը, հաղորդում է, որ մոտավորապես 5 հազար ցուցարարներ երկուշաբթի օրը երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր, բայց նրանց ճանապարհը փակեցին ոստիկանության զորքերի շարասյուններն ու ջրցան մեքենաները: Ցուցարարները նստեցին ճանապարհին՝ փակելով երթևեկությունը, անտեսելով փողոցից հեռանալու ոստիկանության պահանջները: Նրանք նաև մերժեցին պաշտոնյաների առաջարկը՝ պատվիրակություն կազմել ու իրենց առաջարկները ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանին:

Reuters գործակալությունը, հաղորդելով, որ Հայաստանի ոստիկանությունը ջրցան մեքենաներ օգտագործելով երեքշաբթի առավոտյան ցրեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու դեմ բողոքի ակցիան, նշում է, որ ակցիան անցկացնում էին երիտասարդ ակտիվիստներ, որոնք որևէ քաղաքական կուսակցության չեն պատկանում:

Բողոքի ակցիաները հաջորդեցին անցած շաբաթվա մեջ պետական կարգավորող հանձնաժողովի որոշմանը՝ 17-22 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր ձեռնարկությունը սակագինը բարձրացնելու դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով նաև հայկական դրամի արժեզրկումը, նշում է Reuters-ը, հավելելով, որ երկուշաբթի օրը մեկ դոլարը մոտավորապես 473 դրամ էր, իսկ մեկ տարի առաջ՝ 407 դրամ:

BBC-ն հաղորդում է, որ ցուցարարները դեպի նախագահի նստավայր շարժվեցին, քանի որ չէին ստացել իրենց պահանջի պատասխանը: Երեքշաբթի վաղ առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում ոստիկանությունը զգուշացումից հետո սկսեց ցրել ցուցարարներին:

Ոստիկանները ակցիայի մասնակիցներից շատերին էին ծեծում, խլում և ջարդում լրագրողների տեսախցիկները: 200-ից ավելի մարդ բերման է ենթարկվել, նրանց թվում կան լրագրողներ, հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ բողոքի ակցիան կազմակերպած երիտասարդները կապ չունեն քաղաքական կուսակցությունների հետ:

France-Presse-ը նշում է, որ քաղաքացիական հագուստներով ոստիկանները ծեծել են լրագրողներին՝ ջարդելով կամ բռնագրավելով նրանց տեսախցիկներն ու ձայնագրիչները: Ցուցարարներին ցրել են՝ ծեծելով նրանց ռետինե մահակներով և օգտագործելով ջրանետ մեքենաներ: France-Presse-ը նշում է, որ ցուցարարները նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությանը մեղադրում են աղքատության դեմ պայքարելու անընդունակության մեջ: Լրատվական գործակալությունը նշում է, որ 3 միլիոն 200 հազար բնակչություն ունեցող Հայաստանի վրա խիստ բացասական ազդեցություն է թողնում Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը: Ռուսաստան արտահանումները կրճատվել են, կրճատվել են նաև Ռուսաստանում աշխատող հայերի դրամական փոխանցումները իրենց ընտանիքներին:

Երկուշաբթի օրը Եվրամիության երկրների արտգործնախարարները որոշել են մինչև 2016-ի հունվարը երկարաձգել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ Ուկրաինայի իրավիճակի պատճառով:

France-Presse-ը նշում է, որ այս տարվա հունվարին Հայաստանը միացավ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը, ինչով մեծացավ երկրի կախվածությունը նախկին կայսերական կենտրոնից:

Միջազգային լրատվամիջոցները նշում են, որ Հայաստանը տնտեսապես շրջափակված է, Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փակ են Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող հակամարտության ու վիճաբանության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG