Մատչելիության հղումներ

logo-print

Արամ Մանուկյան․ Աննախադեպ էր լրագրողների նկատմամբ ցուցադրական դաժանությունը


Ընդդիմադիր պատգամավորներին այսօր չհաջողվեց ԱԺ նիստի օրակարգ բերել Բաղրամյան փողոցում վաղ առավոտյան տեղի ունեցածի հարցը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կասեցրեց այդ թեմայով հայտարարություն անելու ընդդիմադիր պատգամավորների բոլոր փորձերը:

Զարունի Փոստանջյանի («Ժառանգություն») հայտարությանը, թե Սահակյանը չի լսում իր խոսափողը միացնելու հորդորները, ԱԺ նախագահն հակադարձեց․ - «Անտեսում եմ, ոչ թե վատ եմ լսում»:

Բաղրամյան փողոցում տեղի ունեցածի հարցը ԱԺ նախագահը համաձայնեց քննարկել իր աշխատասենյակում: Խորհրդակցությանը մասնակցեցին խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի:

Խորհրդակցությունից հետո ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե հետամուտ են լինելու, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ արձակվեն:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը փոխանցեց, որ հանդիպման ընթացում իրենց հավաստիացրել են, որ քրեական գործ չի հարուցվել․ - «Պարոն Սահակյանը զրուցել է դատախազի, ոստիկանապետի հետ: Այս պահի դրությամբ քրեական գործ հարուցված չէ, ինչը կարևոր է: Եվ միտումը այնպիսին է, որ պետք է ազատ արձակվեն»:

Գլխավոր դատախազությունը, մինչդեռ, արդեն հայտարարել է, որ նշված իրադարձությունների առթիվ քրեական գործ հարուցվել է՝ խուլիգանության հատկանիշներով:

Մինչ խորհրդարանի դահլիճում մնացած պատգամավորները քննարկում էին կառավարության բերած օրինագծերը, ընդդիմադիր պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Էլինար Վարդանյանը ոստիկանական բաժիններ ու հիվանդանոցներ էին այցելում՝ տեղեկանալու բերման ենթարկվածների վիճակին:

Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն») պնդմամբ՝ ակտիվիստներին ապօրինի են բերման ենթարկել․ - «Սա ապօրինի ռեպրեսիոն գործընթաց է, որը կրում է զանգվածային բնույթ»:

Դատապարտելով տեղի ունեցածը՝ Արամ Մանուկյանը (ՀԱԿ) ասաց, որ հարցը պատրաստվում են բարձրացնել ԵԽԽՎ-ում․ - «Սա հերթական անգամ վախ տարածելու իրենց ծրագիրն է: Ամենևին անհրաժեշտություն չկար փողոցը բացելուց հետո հետապնդել մարդկանց մինչև Փակ շուկա, մինչև Ազատության հրապարակ: Անկապ մարդկանց, որոնք կապ չեն ունեցել այդ ցույցի հետ, հավաքել-տարել են: Աննախադեպ էր լրագրողների նկատմամբ ակնհայտ ցուցադրական դաժանությունը»:

Իշխող կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հպարտություն է համակել․ - «Հպարտ եմ զգում իմ երկրի երիտասարդության համար, որոնց ճնշող մեծամասնությունը ազնիվ մղումներով, իրենց զգացմունքային-ռոմանտիկ պայքարի տեսլականով իրենց քաղաքացիական պարտքն էին կատարում: Նաև հպարտություն եմ զգում իմ երկրի ոստիկանության համար, որը բավական արհեստավարժ եվրոպական ստանդարտներով գործողություններ էր իրականացնում»:

Պատգամավոր Աղվան Վարդանյանի (ՀՅԴ) խոսքով, հավաքվել էր երիտասարդության գիտակից հատվածը․ - «Հավաքված էին մեր երիտասարդությունը, գիտակից երիտասարդությունը, իր իրավունքների համար պայքարող երիտասարդությունը: Եվ նրանք առավելագույնս կազմակերպված էին, հանդարտ էին, խաղաղ էին, օրինապահ էին: Եվ ես կարծում եմ, որ կատարվածը դատապարտելի է»:

«Մտահոգված ենք, որ մեր երկրում նման արարք կարող են գործադրել մեր երկրի քաղաքացիների, լրագրողների նկատմամբ, և դատապարտում ենք տվյալ երևույթը: Պահանջում ենք, որպեսզի հրապարակային, մեր հասարակության աչքի առջև, բոլորի համար ընկալելի, արդարացի գնահատական և վերաբերմունք լինի», - ասաց Վահե Էնֆիաջյանը («Բարգավաճ Հայաստան»):

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG