Մատչելիության հղումներ

Նոր Նորքի բաժնում Փաշինյանը հանդիպեց բերման ենթարկվածներին


Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ

Պատգամավորին բաժնում հավաստիացրել են, որ բոլոր ներկա գտնվողներն ունեն բացառապես վկայի կարգավիճակ:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Նոր Նորքի ոստիկանության բաժնում հանդիպեց այնտեղ գտնվող 55 բերման ենթարկվածների հետ:

Փաշինյանին բաժնում հավաստիացրել են, որ բոլոր ներկա գտնվողներն ունեն բացառապես վկայի կարգավիճակ: «Սա նշանակում է, որ ոչ մեկի հետ կապված ձերբակալության հեռանկար չկա։ Բոլորը բերման են ենթարկվել, իրենց ձևակերպմամբ, խուլիգանության փաստի մասնակցելու կասկածանքով», - ասաց Փաշինյանը:

Թեև պատգամավորին ոստիկանությունում ասել էին, որ հարցաքննությունից հետո բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն, սակայն Փաշինյանը փաստեց, որ հարցաքննվածներ կան, որոնք դեռ ոստիկանությունում են։ «Ասացին, որ այն մարդիկ, ովքեր հարցաքննվել են և ազատ չեն արձակվել, նշանակում է, որ իրենց հետ կա փորձաքննություն անցկացնելու որոշակի անհրաժեշտություն՝ խմիչքի օգտագործում և այլն։ Հիմա փաստացի ստացվում է, որ մարդկանց ապօրինի պահում են, իրենք ասում են տեխնիկական, բայց պահում են», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Նա նաև փոխանցեց. - «Ես արտառոց փաստ տեսա. անչափահաս կա բերման ենթարկված, 14 տարեկան է, իհարկե՝ մայրիկի հետ է բերման ենթարկված, աղջիկներ կան։ Ասացի, որ անչափահասին և աղջիկներին պետք է ազատ արձակեն։ Խոստացան աղջիկներին արտահերթ հարցաքննել»։

Պատգամավորը հայտնեց, որ բերման ենթարկվածների մեջ նաև վնասվածքներ ունեցողներ կան. - «Վնասվածքներ ունեցողներ կան, խնդիր կար հոսպիտալացնելու, բժիշկը զննել էր, որ հնարավոր է ներքին արյունահոսություն լինի, մանրամասն հետազոտության ենթարկելու համար պետք է տեղափոխեին հիվանդանոց։ ԱՄՆ-ի քաղաքացի կա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG