Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորները դատապարտում են Բաղրամյան փողոցում տեղի ունեցած բռնությունները


ՀԱԿ խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

ՀԱԿ խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստն սկսվեց լարված մթնոլորտում: Ընդդիմադիր պատգամավորները նիստի մեկնակին դատապարտեցին վաղ առավոտյան Բաղրամյան փողոցում տեղի ունեցած բռնությունները։

Առավոտյան մոտավորապես ժամը 5։30-ից ոստիկանությունը, ջրցան մեքենաներ կիրառելով, նստացույցի մասնակիցներին հանեց Բաղրամյան փողոցից, այնուհետև 200-ից ավելի քաղաքացու բերման ենթարկեց։

Հայ ազգային կոնգրես խմբակցությունը, ի զորակցություն 200-ից ավելի բերման ենթարկվածների, հայտարարեց, որ նիստը բոյկոտում է։

«Հերթական անգամ խաղաղ հավաք անցկացնող ցուցարարների նկատմամբ իշխանությունները անհամաչափ ուժ կիրառեցին։ Բերման են ենթարկվել 237 քաղաքացիներ, այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ, լրագրողները բերման են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, ջարդվել են նրանց տեսախցիկները, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները բռնագրավել են նրանց չիպերը։ Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին, պահանջում ենք պատժել ապօրինի գործողություններ իրականացնողներին, պաշտոնյաներին, և որպես բողոքի նշան՝ ՀԱԿ-ը բոյկոտում է նիստը», - հայտարարեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, և խմբակցությունը լքեց դահլիճը։

Այսօր ավելի վաղ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Ստեփան Դեմիրճյանը այցելել էին ոստիկանական բաժիններ և հիվանդանոցներ:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ անկախ բովանդակությունից՝ բոլոր ներկայացված օրինագծերին այսօր դեմ է քվեարկելու՝ ի նշան այսօր առավոտյան տեղի ունեցածի դեմ բողոքի։

«Դեմ եմ քվեարկելու՝ պահանջելով ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին և իմ զորակցությունը հայտնելով քաղաքացիական իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին», - ասաց Փաշինյանը։

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ընդմիջման ժամանակ խմբակցությունների ղեկավարների հետ կքննարկի դեպքերը։ Այդուհանդերձ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, չցանկանալով սպասել այդ ընդմիջմանը, փորձեց ամբիոնից իր վրդովմունքը հայտնել ոստիկանների գործողությունների վերաբերյալ: Նրա բարձրախոսը, սակայն, Գալուստ Սահակյանն անջատեց։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ սխալ համարեց նիստի անցկացումը, քանի դեռ, ըստ պատգամավորի, չի քննարկվել բռնությունների հարցը։ «Էս լարված մթնոլորտում այնպիսի դեմքերով եք, կարծես ոչինչ չի եղել, նստենք հարց քվեարկենք ճիշտ չի», - ասաց Մարուքյանը:

Ազգային ժողովի նախագահն էլ արձագանքեց, որ եթե շատերը չեն խոսում, չի նշանակում, որ խորապես մտահոգված չեն։ «Անտեղի տեղը ցուցադրություններ մի կազմակերպեք», - ասաց Սահակյանը։

Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հավելեց. - «Պետք չէ կրակի վրա յուղ լցնել և ավելի բորբոքել իրավիճակը։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երեկ մի հատ ցեղասպանություն է տեղի ունեցել, ու տենց բարդագույժ բառեր եք ասում: Ժողովուրդ ջան, էդպես չի: Երեկ ամբողջ օրը և՛ ոստիկանությունը, և՛ մեր քաղաքացիները շատ հանգիստ ու հարգալից շփվել են: Համարժեք ուժ են գործադրել, այդ ո՞ր երկրում ուժ չեն գործադրում, եթե օրենքը խախտվում է: Անցանկալի բաներ եղել են, բայց պետք չի սենց ներկայացնել: Բերեք ինձնից սկսած որևէ մեկն իր վրա դատախազի կամ դատավորի դեր չվերցնի»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG