Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Բանակցությունները և համոզման աշխատանքները արդյունքի չեն հանգեցրել


Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Բաղրամյան պողոտայից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների խաղաղ նստացույցը ցրելու կապակցությամբ:

«Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում, - «Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են»:

Նշելով, որ հիշյալ կանխարգելիչ գործողությունները՝ բանակցությունները, հորդորները իրականացրել է հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրելուց հնարավորինս զերծ մնալու նկատառումներից ելնելով, ոստիկանությունը հայտարարում է․ - «Բանակցությունները և համոզման աշխատանքները արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունը ուժ է կիրառել՝ հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, համաձայն որի՝ հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը»:

Ոստիկանական միջոցառման ընթացքում տարածքային բաժիններ են բերվել տասնյակ իրավախախտներ:

«Ոստիկանական գործողության շրջագծում հայտնվել են նաև լրագրողներ, որոնք հետևողականորեն անտեսել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորություն պահպանելու և ոստիկանության օրինական գործողությունները չխոչընդոտելու կոչերն ու հորդորները, ըստ էության՝ դառնալով հավաքի մասնակիցներ», - նաև ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG