Մատչելիության հղումներ

Իրանի հարաբերությունները Եվրոպայի հետ կարգավորվում են


Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, Բրյուսել, մարտ, 2015թ․

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, Բրյուսել, մարտ, 2015թ․

Լյուքսեմբուրգում մեկնարկած Իրանի և Արևմուտքի միջև բանակցությունները կարող են ոչ միայն կարևոր դեր խաղալ Իրանի տնտեսության զարգացման և Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում, այլև նաև էներգակիրների փոխադրման նոր հնարավորություններ բացել Հայաստանի համար:

Բանակցությունների վերջին փուլի ընթացքում կողմերը նախատեսում են վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերել Իրանի միջուկային ծրագրի դադարեցման և որպես հետևանք՝ երկրի դեմ պատժամիջոցների հանման վերաբերյալ: Ըստ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ բանակցությունների վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Լյուքսեմբուրգում հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ֆիլիպ Համոնդի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Լորան Ֆաբիուսի հետ:

Նախարար Շտայնմայերի խոսքով՝ Թեհրանի հետ բանակցությունները թևակոխում են ամենապատասխանատու փուլը:

«Ես հավատում եմ, որ մնացած տասը օրերի ընթացքում հնարավոր է արդյունքներ արձանագրել, եթե Իրանը շարունակի բանակցություններին կառուցողական մոտեցում ցուցաբերել և չխուսափի վերջնական փուլի պայմանավորվածություններից», - հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը:

Մանրամասնելով Իրանի առջև դրված պարտավորությունները՝ Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ դրանք պարունակում են Իրանի միջուկային կարողությունների սահմանափակում և ստուգման միջոցների մշակում, որոնք միջազգային փորձագետներին թույլ կտան մուտք գործել երկրի բոլոր, այդ թվում նաև՝ ռազմական հաստատություններ:

«Ֆրանսիան ցանկանում է հասնել համաձայնագրի, սակայն դա պետք է լինի ամուր, այլ ոչ թե անկատար համաձայնագիր», - ասել է Լորան Ֆաբիուսը:

Իրանի արտգործնախարարը, իր կողմից, նշել է, որ հունիսի 30-ի վերջնաժամկետը կարող է երկարաձգվել, եթե այն անհրաժեշտ է լիակատար համաձայնության հասնելու համար:

«Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը խուսափեն չափազանց խիստ պահանջներ առաջադրելուց», - ընդգծել է Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG