Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը սպառնում է «կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»


Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․ - «Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում»:

Նշելով, որ պարտավոր է «բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց», ոստիկանությունը զգուշացնում է․ - «Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի:

Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»:

Այսօր 19:00-ին լրացավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը, և ցուցարարները, չնայած ոստիկանության նախազգուշացումներին, շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Ոստիկանները փակեցին փողոցը, և ցուցարարները, հանդիպելով նրանց շղթային, որոշեցին նստել հենց փողոցի մեջտեղում:

Ցուցարարներն Ազատության հրապարակում էին ուրբաթ օրվանից, նրանք պահանջում են չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը։

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին՝ մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG