Մատչելիության հղումներ

Երևանում ցուցադրվում է Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» շարքը


Նյու Յորքում բնակվող նկարիչ Տիգրան Ձիթողցյանի ազգանունը Եվրոպայում ու ԱՄՆ-ում դժվարությամբ են արտասանում ու մտաբերում, փոխարենը բոլորը մտաբերում են նրա լուսանկարների պես իրական կտավները, որոնք միայն շատ մոտիկից դիտելիս ես հասկանում, որ յուղաներկ են։

2013-ից Ձիթողցյանը սկսեց ստեղծվել սելֆիներով ոգեշնչված «Հայելիներ» շարքը: «Հետևելով նույն ֆեյսբուքյան, ինստագրամային մոտիվներով․․․ դու զգում ես, որ մարդուն հետևելով, ամեն օր իրենց նկարները տեսնելով, դու իրենց մասին ոչ մի բան չգիտես: Մարդն ուզում է ինքն իրեն դրսևորել այնպես, ինչպես ինքն իրեն ուզում է տեսնել ինչ-որ արհեստական միջավայրի մեջ: Այդ մտքից ելնելով՝ ես անդրադարձա այս շարքին, որտեղ կա մի դիմակ, որի հետևում կա մարդ, որի մասին մենք շատ քիչ բան գիտենք»:

Տիգրան Ձիթողցյանի կտավները խիստ տարբեր են սելֆիներից։ Ցուցասրահի պատին ամերիկացի արվեստի հայտնի քննադատ Դոնալդ Քասփիթի խոսքերն են. - «Կտավները գլուխգործոցներ են, որոնցում բնորդուհու գեղեցկությունն արտասովոր թախծոտ է, առասպելական հավերժ կանացի, բայց միևնույն ժամանակ կտավներում՝ իրական մարդիկ ու պրոֆեսիոնալ մոդելներ»։

Հսկայական չափսերի կտավների հեղինակն ասում է, թե մեր օրերում ֆոտոն ու ֆոտոշոփը փոխել են նկարչությունը։ Ինքն էլ կտավի վրա իր աշխատանքը սկսում է լուսանկարից, որը ծառայում է որպես էսքիզ․ - «Բայց իրականում ինքը ռեալիզմ չէ․ փոխում եմ ամբողջովին բնորդին»:

Լուսանկարի պես իրական կտավները լուսանկարի պես էլ հեշտությամբ չեն ստեղծվում. ամեն մի կտավի վրա Ձիթողցյանն աշխատում է շաբաթներով՝ տարվա ընթացքում ստեղծելով առավելագույնը 10 գործ, որոնք հայտնվում են աշխարհի հեղինակավոր ցուցասրահներում ու երբեմն էլ անգամ մինչև ցուցադրվելը՝ մասնավոր հավաքածուներում։

Ասում է, որ իր համար հատկապես հուզիչ է Հայաստանում ցուցադրվելը․ - «Եթե քո երկիրը քո թիկունքի հետևը չէ, ինչ հաջողությունների էլ դու հասնես օտար երկրում, այդ նույն զգացողությունը չի լինի»:

«Հայելիներ» շարքի բոլորը կտավները վաճառված են, բացի մեկից։ Աչքերը ձեռքերով փակած ծեր կնոջ պատկերող կտավը Ձիթողցյանը պատրաստվում է նվիրել Հայաստանին․ - «Հայաստանն ինձ համար մի ծեր, գեղեցիկ կին է՝ ծանր պատմությամբ, հաճախ շատ ցավալի և ծանր իր հիշողություններով, բայց դա մեր իրականությունն է, մենք դրանից ոչ մի տեղ չենք կարող գնալ»:

Կտավում պատկերված կինը ծեր է ու հուսահատ։ Ամերիկացի հայտնի քննադատն այս նկարի մասին գրել է. - «Կինն այլևս չի ցանկանում տեսնել իր դեմքը հայելում, քանի որ դա կկրկնապատկի իր հուսահատությունը»։

Թեև հենց այս՝ հուսահատ, տխուր ու անճանաչելի դարձած կնոջը պատկերող նկարն է Ձիթողցյանը նույնացնում Հայաստանի հետ, այնուամենայնիվ, դրա մասին խոսելիս շատ ավելի լավատես է. - «Ինքը դեմքը փակել է հայելու դիմաց: Չի ուզում տեսնի, որովհետև Հայաստանն այսօր մի կայացման պրոցեսի մեջ, ջահել երկիր է՝ երկար պատմություն ունենալով հանդերձ: Ինձ թվում է, շուտով դեմքը կբացվի, և այնտեղ կլինեն շատ գեղեցիկ հայկական աչքեր»:

Նկարիչը Երևան կվերադառնա իր ցուցադրության փակմանը:

XS
SM
MD
LG