Մատչելիության հղումներ

Եվրամիությունը երկարաձգեց պատժամիջոցները


ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները` Էշթոն Քարթերը (ԱՄՆ), Ուրսուլա ֆոն դեռ Լեյենը (Գերմանիա), Ժենին Հենիս-Պլաշերտը (Հոլանդիա), Էրիկսեն Սորեյդեն (Նորվեգիա) այցելել են Բարձր պատրաստության կենտրոն, Մյունետցեր, Գերմանիա, 22-ը հունիսի, 2015թ.

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները` Էշթոն Քարթերը (ԱՄՆ), Ուրսուլա ֆոն դեռ Լեյենը (Գերմանիա), Ժենին Հենիս-Պլաշերտը (Հոլանդիա), Էրիկսեն Սորեյդեն (Նորվեգիա) այցելել են Բարձր պատրաստության կենտրոն, Մյունետցեր, Գերմանիա, 22-ը հունիսի, 2015թ.

ՆԱՏՕ-ն քննարկելու է Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու հարցը։

Պատժամիջոցների վերանայումը կապված է Մինսկի համաձայնագրի հետ

Եվրոպական միության արտգործնախարարները Լյուքսեմբուրգում այսօր որոշել են կես տարով երկարաձգել Ռուսաստանի էներգետիկայի, ֆինանսների և ռազմական ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև մեկ տարով ուժի մեջ թողնել Ղրիմում որևէ ներդրում անելու արգելքը։

Եվրամիությունն այդ քայլին է դիմել Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի առնչությամբ։ Այս տարվա մարտին Եվրամիության ղեկավարները վճռել են, որ հակառուսական պատժամիջոցները մեղմելու կամ չեղյալ հայտարարելու հարցը բացառապես կախված է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված Մինսկի համաձայնագրի կատարումից։

Լյուքսեմբուրգում Եվրամիության 28 երկրների արտգործնախարարների այսօրվա որոշումը, որի նախագիծն անցած շաբաթ դեսպաններն են կազմել են, ընդունվել է միաձայն և նույնիսկ չի քննարկել։ Արտգործնախարարներից իտալացի Պաոլո Ջենտիլոնին և բրիտանացի Ֆիլիպ Համոնդն են խոսել ռուսական թեմայով։

«Մեր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ երկու ուղղությամբ է իրականացվում: Մենք պաշտոնական մակարդակով ցույց կտանք մեր միասնությունը պատժամիջոցների հարցում, բայց միաժամանակ նկատել կտանք, որ պատրաստ ենք Ռուսաստանի հետ համագործակցել այլ բնագավառներում, օրինակ՝ Լիբիայի կամ Սիրիայի հարցերում», - ասել է Ջենտիլոնին։

«Մենք համաձայնել ենք ևս վեց ամսով երկարաձգել պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի կատարում Մինսկի պարտավորությունները»,- ասել է Համոնդը։

«Ռուսաստանը չի կարող փոխվել ո՛չ Պուտինի օրոք, ո՛չ էլ Պուտինից հետո»

Սրված են ոչ միայն Եվրամիություն - Ռուսաստան, այլև Միացյալ Նահանգներ - Ռուսաստան հարաբերությունները։

Այսօր Եվրոպա է ժամանել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը։ Նա կայցելի Գերմանիա, Հոլանդիա, Նորվեգիա, Էստոնիա, որտեղ ներկա կլինեն նաև Լատվիայի ու Լիտվայի պաշտպանության նախարարները, ապա կմեկնի Բրյուսել` ՆԱՏՕ-ի հավաքին։

Բոլոր հանդիպումների առանցքային թեման ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցն է։ Reuters գործակալությունը վկայակոչել է Քարթերին, ով ասել է, թե Միացյալ Նահանգները և դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի հետ երկարատև առճակատման։

«Տարաձայնությունները սուր են, երկարաժամկետ և, հավանաբար, կպահպանվեն նույնիսկ այն ժամանակ, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռանա քաղաքական ասպարեզից։ Ռուսաստանը չի կարող փոխվել ո՛չ Պուտինի օրոք, ո՛չ էլ Պուտինից հետո», - ասել է Քարթերը։

Նշենք, որ նա նույնպես կարևորում է Ռուսաստանի հետ մերձավորարևելյան խնդրում համագործակցելու հնարավորությունը։

Այսօր Բրյուսելում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք Ռուսաստանի հետ առճակատում և սպառազինությունների մրցավազք չենք ուզում, մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ ստեղծել ավելի գործընկերային և կառուցողական հարաբերություններ»,- ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ողջունել է պատժամիջոցները երկարաձգելու մասին Եվրամիության որոշումը։

«Այսօրվա վճիռը ճիշտ ազդանշան է, հստակ ուղերձ առ այն, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն ապօրինի են, Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի արևելքի ապակայունացումը խախտում են միջազգային իրավունքը, դա չի կարող անհետևանք մնալ»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։

«Փիղը և մրջյունը, գետաձին և կատուն»

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ Մոսկվան միջազգային ասպարեզում ոչ մի ագրեսիվ մտադրություն չունի։ The Financial Times-ին տված բացառիկ հարցազրույցում նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովն ասել է, թե Արևմուտքում չափազանցնում են ռուսական վտանգը։

Նա կտրականապես մերժում է ՆԱՏՕ-ի տարածք ներխուժելու հավանականությունը։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը ասել է, թե ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի բյուջեները նույնիսկ հնարավոր չէ համեմատել։

«Փիղն ու մրջյունը, գետաձին և կատուն․ մեր ռազմական հզորությունները շատ տարբեր են, իսկ ամենակարևորը` ինչո՞ւ պիտի պատերազմենք ՆԱՏՕ-ի հետ, հանուն ինչի՞, դուք լրջորեն մտածում եք, որ մենք ցանկանում ենք պատերազմե՞լ ՆԱՏՕ-ի հետ, մենք ի՞նչ է, ինքնասպա՞ն ենք», - ասել է Իվանովը։

Նա նաև կշտամբել է Արևմուտքին. - «Տեսեք, մեզ անվերջ մեղադրում են, իսկ մենք` ինչպես եղել ենք մեր հին սահմաններում, այնպես էլ կանք, մինչդեռ ՆԱՏՕ-ն մոտենում է մեր սահմաններին»։

Արևմուտքի հետ կապերի թեման մեկնաբանել է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա` Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նա ասել է, թե Ամերիկային միայն Ռուսաստանի ահռելի հարստություններն են հետաքրքորում։

«Ամերիկացիները կուզենային, որ Ռուսաստանը որպես երկիր ընդհանրապես չլիներ», - ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը, ավելացնելով, որ եթե չլիներ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը, Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ կվարեր միանգամայն այլ բնույթի քաղաքականություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG