Մատչելիության հղումներ

Երևանի փոխոստիկանապետ. Ոստիկանությունը թույլ չի տալու երթով շարժվել Բաղրամյան 26


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում, 22-ը հունիսի, 2015թ.

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում, 22-ը հունիսի, 2015թ.

Ոստիկանությունը թույլ չի տալու երթով շարժվել Բաղրամյան 26, քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ կարգ խախտողները կենթարկվեն պատասխանատվության։

Փոխոստիկանապետը ցուցարարներին առաջարկեց մինչև տասը հոգանոց խումբ կազմել և ոստիկանների ուղեկցությամբ իրենց պահանջը նամակի տեսքով հանձնել նախագահական, և այդքանով սահմանափակվել։

«Այլ կերպ ձեր գործողություններն անօրինական են, ոստիկանությունը թույլ չի տալու։ Չկա որևէ արտառոց բան, որ հասարակությանը պետք է շտապ տեղեկացնել, սա ինքնաբուխ հավաք չէ։ Փորձեք ձեր արածին հասնել սահմանադրական ճանապարհով։ Ոստիկանությունը չի ողջունում թանկացումները, միանշանակ, բայց այն, որ ոստիկանությունը թույլ կտա Հայաստանի տարածքում որևէ մեկը, այդ թվում դուք՝ անօրինական հավաքի երթի մասնակիցներդ, կարգ խախտել, այստեղ թող ոչ ոք չկասկածի, ոստիկանությունը կմիջամտի և հասարակական կարգը կապահովի պատշաճ ձևով։ Դիմեք ժողովրդին, ասեք՝ ոստիկանությունը թույլ չի տալու դուք երթ անեք։ Մենք կարգ խախտողներին բոլորին ենթարկելու ենք պատասխանատվության։ Այսքանից հետո այս երիտասարդներին, քաղաքացիներին ուղղորդել Բաղրամյան 26՝ դա համակարգող խմբի կողմից ոստիկանության վրա ցեխ շպրտելու մի ձև է», - ասաց Օսիպյանը։

Ցուցարարներն Ազատության հրապարակում են ուրբաթ օրվանից, նրանք պահանջում են չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը։ Նրանք ասել են, որ եթե իշխանություններն իրենց պահանջը չբավարարեն, ժամը 19։00-ին կշարժվեն դեպի Բաղրամյան 26՝ Հայաստանի նախագահի նստավայր։

Հիշեցնենք՝ մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG