Մատչելիության հղումներ

Սվազյանի պաշտպանը կբողոքարկի պատգամավորին ծեծելու համար մեկ ամսվա կալանավորման վճիռը


Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բադալյանը, արխիվ

Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բադալյանը, արխիվ

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանին անցած տարեվերջին ծեծի ենթարկած Արշակ Սվազյանը պատժվեց․ դատարանը անցած շաբաթ որոշեց բռնության համար նրան կալանավորել մեկ ամսով: Վերջինիս փաստաբան Լիանա Բալայանը պատրաստվում է բողոքարկել վճիռը: Նա պնդում է, որ դատարանը հաշվի չառավ մեղմացուցիչ հանգամանքները՝ ինքնախոստովանական ցուցմունքն ու այն, որ Սվազյանը ծառայել է Լեռնային Ղարաբաղի բանակում, անգամ պարգևատրվել է:

«Մենք պարտադիր դա բողոքարկելու ենք Վերաքննիչ քրեական դատարանին, որովհետև ինչ է ստացվում՝ դատարանը, դատախազությունը աշխատեցին հօգուտ Ազգային ժողովի պատգամավորի: Եթե մյուս կողմում Ազգային ժողովի պատգամավոր չլիներ, ես համոզված եմ, որ քրեական գործ չէր էլ հարուցվի: Իսկ դատարանն ընդհանրապես հաշվի չառավ, որ Արամ Մանուկյանը ստացել էր թեթև մարմնական վնասվածք, որ Արամ Մանուկյանը հայհոյել էր․․․ Ես էլ եմ դատապարտում Արշակ Սվազյանի արարքը, բայց եթե դատարանը արդարացնում է Ազգային ժողովի պատգամավորի արարքը, այդ դեպքում ես էլ արդարացնում եմ հասարակ քաղաքացու արարքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սվազյանի պաշտպանը:

Ավելի վաղ Սվազյանը հայտարարել էր, թե Ռուսաստանից Հայաստան է վերադարձել՝ հայրենասիրական ապտակ հասցնելու ընդդիմադիր պատգամավորին Սերժ Սարգսյանին հայհոյելու համար:

Արշակ Սվազյանը «Ազատության»-ը փոխանցել էր, որ պատրաստ է կրկին ապտակել նրան, ով կհայհոյի նախագահ Սարգսյանին․ - «Այո, որովհետև ինքը իմ գերագույն հրամանատարն է: Մեր նախագահին ով հայհոյի, գնալու եմ, նույն ձևի պատժելու եմ»:

Տուժող կողմը, մինչդեռ, բեմականացում է որակում ողջ դատաքննությունը: Արամ Մանուկյանի պաշտպանը պնդում է, որ բռնությանը համարժեք որակում չի տրվել, հաշվի չի առնվել, որ բռնությունը կատարվել է քաղաքական նկատառումներով, արդյունքում գործը դատարան է մտել մեղմ հոդվածով՝ դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար:

Պատգամավորի պաշտպան Արմեն Խաչատրյանը պնդում է, որ քննությունը միտումնավոր այնպես է իրականացվել, որպեսզի մեղադրյալը խուսափի ծանր պատժից:

«Արարքը կատարվել է պատգամավորի պատգամավորական, քաղաքական գործունեության համար: Ստեղծվեց շատ վատ միջադեպ, երբ որ կարելի է պատգամավորին իր պատգամավորական, քաղաքական գործունեության համար հարձակման ենթարկել, հետո մեկ ամիս գնալ մեկուսարանում կամ քրեակատարողական հիմնարկում մնալ ու դրանով էդ հարցը լուծել», - ընդգծեց Արամ Մանուկյանի դատապաշտպանը:

Անցած տարեվերջին իր իսկ բնակարանի շքամուտքում բռնության ենթարկված Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դեպքից հետո հիվանդանոց էր տեղափոխվել և մի քանի ամիս ինտենսիվ բուժում ստացել: Եթե իշխանական պատգամավորը այդ վիճակում հայտնվեր, մեղավորը շատ ավելի խիստ պատժի կարժանանար, վստահ է առաջին օրվանից քննությանը հետևող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը․ - «Ի սկզբանե մոտեցումը շատ մեղմ էր, նույնիսկ սա չէի կանխատեսում: Այս երկրում ծեծը հովանավորվում է և ամենաբարձր իշխանության կողմից: Հանրապետականները կարծում եմ հովանավորում են այս մոտեցումը, և դրա համար էլ այդ մարդը իրեն այդքան ազատ է զգում, որ էլի կանի: Մի ամիս կգնա կանցկացնի էնտեղ, նորից կգա... Սա, ըստ էության, պատիժ չի, սա այդ աղմուկի ներքո ինչ-որ մեկուսացում է»:

XS
SM
MD
LG