Մատչելիության հղումներ

Ժակ Ֆոր. Ադրբեջանի ռազմական ճնշումը անհեռանկարային է


ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆոր, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆոր, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահն այս տեսակետը փոխանցել է նաև Ադրբեջանի ղեկավարությանը։

Ադրբեջանը որևէ նպատակի չի հասնի՝ մեծացնելով ռազմական ճնշումը Հայաստանի նկատմամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը:

Ֆրանսիացի դիվանագետը Երևանում էր՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Ռոուզ-Ռոթ» միջազգային համաժողովին:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը որևէ նպատակի կհասնի` մեծացնելով ռազմական ճնշումը Հայաստանի նկատմամբ: Դա անհեռանկարային գործ է», - ասաց Ժակ Ֆորը՝ նշելով, որ այս տեսակետը փոխանցել է նաև Ադրբեջանի ղեկավարությանը, սակայն հրաժարվեց խոսել Բաքվի արձագանքի մասին:

«Չեմ կարող ասել, թե ինչ էր ինձ պատասխանում Ադրբեջանի ղեկավարությունը, բայց վստահ եղեք, որ այս՝ անվտանգության հարցերը ես շատ հստակ կերպով բարձրացրել եմ Բաքվում մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ», - ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահը։

Պատերազմը Ղարաբաղում չի վերսկսվի

Ժակ Ֆորը մոտ երկուսուկես տարի՝ մինչև նախորդ տարվա հունիս, ներկայացնում էր Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում: Մինչ այդ, նա եղել է Ֆրանսիայի դեսպանը Ալբանիայում, Էստոնիայում, Սլովակիայում և Ուկրաինայում, ինչպես նաև ղեկավարել է Ֆրանսիայի արտգործնախարարության Եվրոպայի բաժինը:

«Ուշադրությամբ հետևում եմ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին, հույս ունեմ, որ առողջ բանականությունը կհաղթանակի, և շփման գծում լարվածության աճը կդադարի, որովհետև հնարավոր չէ միջնորդ լինել այս խնդրի խաղաղ կարգավորման համար, եթե ռազմական լարվածությունը վերջ չի գտնում», - ասաց Ժակ Ֆորը։

Հարցին, թե որպես փորձառու դիվանագետ և ղարաբաղյան զարգացումներին քաջատեղյակ անձնավորություն, որքանո՞վ է հավանական համարում պատերազմի վերսկսումը, նախկին համանախագահը պատասխանեց. - «Ես անձնապես կարծում եմ, որ պատերազմը Ղարաբաղում չի վերսկսվի, որովհետև որևէ կողմ չի կարող հաղթանակ տանել այս պայմաններում: Պատերազմի արդյունքում կորուստներ կունենան բոլոր կողմերը, և այն ցանկալի չէ՝ անվտանգության և մշտական բնակչության ապահով զարգացման տեսանկյունից: Այդ բնակչության կյանքի պայմանները շատ ծանր են, և կարծում եմ, որ մենք պետք է լրջորեն աշխատենք՝ օգնելու նրանց բարելավել կյանքի որակը և անվտանգության պայմանները»:

Այն որ պատերազմի վերսկսումը Ղարաբաղում ուղղակի վերջ կդնի միջնորդական ջանքերին, մոտ երկու շաբաթ առաջ «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ նշելով․ - «Եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար կլինի հասնել բանակցված կարգավորման»:

XS
SM
MD
LG